• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նորարար ուսուցիչների ցանց. սեմինար, 2-րդ պարապմունք

Թեմա «Համագործակցություն – հաղորդակցական գործիքներ»
 Մայքրոսոֆթի OneNote համակարգչային ծրագիրը որպես թվային սևագրության տետր  
 
Մայքրոսոֆթի OneNote ծրագիրը շատ հարմար է պլանշետների համար: Այն կարող է գործածվել նաև ունենալով սովորական նոթբուք-նեթբուք, կամ էլ`ստացիոնար պրոցեսորներով աշխատող համակարգիչ: Ինչի՞ համար է այս ծրագիրը, նախ և առաջ, նախատեսված: Այն փոխարինում է թղթային տետրին: Ունենալով այսպիսի ներբեռնված ծրագիր անձնական համակարգիչում, կարելի է արագ, նույնիսկ ոտքի վրա ձեռագիր մի բառ, կամ միտք գրել ծրագրային էջի վրա, որն ավտոմատ կերպով պահպանվում է առանց պահպանող կոճակը սեղմելու: Հետո կարելի է այդ արագ ու անփույթ գրված ձեռագիրը վերածել մուտքագրված տպատառ տեքստի մի քանի վայրկյանում: Այս ծրագիրը շատ հարմար է ուսանողների համար, երբ ուզում են դասախոսության ժամանակ արագ մի որևէ նշում անել: Հնարավոր է նաև գրել մաթեմատիկական հավասարումներ և այլ սիմվոլներով ձեռագիր տեքստեր, որոնք մի քանի վայրկյանում կարող են փոխակերպվել սովորական տպագիր տառերով տեքստերի: Մեր առաջին սեմինարի նյութում այս մասին արդեն նշել էի: Պետք է ավելացնեմ, որ եթե մենք այս տարվա սեպտեմբերի մեկից անցնելու ենք բացառապես նոթբուք-նեթբուքերով ուսուցմանը, ապա այս OneNote ծրագրի ներբեռնումը բոլոր սովորողների և դասավանդողների (հատկապես անգլերենի, մաթեմատիկայի, ֆիզիկայի և քիմիայի) համար անհրաժեշտ է լինելու: Եթե այս ծրագրով չաշխատենք, ապա մաթեմատիկական աշխատանքներ մուտքագրելը շատ աշխատատար և անհարկի ժամանակատար կլինի, և ամենավատն այն կլինի, որ սովորողները մեկընդմիշտ հետ կվարժվեն ձեռագիր գրելուց, որը ցանկալի հետևանքներ չի կարող ունենալ: Ուղեղի աշխատանքը կապված է մեր ձեռքի շարժումների հետ: Մենք կարող ենք սահմանափակել ուղեղի աշխատանքը միայն մատներով միանման սեղմումներ կատարելով: Երեխան ամեն ինչ կանի ձեռքով, որից հետո կատարված աշխատանքը  այս ծրագրի օգնությամբ կվերածվի մուտքագրված տպատառերով և զանազան սիմվոլներով տեքստերի: Այսպիսով անցումը թղթային տետրերից համակարգիչների շատ սահուն կլինի:

OneNote ծրագրով աշխատելիս հեշտանում է նաև տեքստերի և թվային դասագրքերի հետ աշխատելը: Շատ մարդիկ սիրում են մատիտով նշումներ անել գրքերի վրա, առանձնացնել կարևորն անկարևորից: Մենք կարող ենք մեր ուզեցած բառը կամ նախադասությունը գրել տվյալ էջի ցանկացած մասում: Մեր նշումները չեն  սահմանափակվում միայն ամենաձախ, կենտրոն և ամենաաջ մասերով: Մեր գրած բառը մնում է այնտեղ, որտեղ մուտքագրել կամ ձեռագրով գրել ենք` առանց սեղմելու պահպանման կոճակը: Ամեն ինչ ավտոմատ է պահպանվում:

Ծրագիրը կարևոր առավելություն ունի նաև այն պատճառով, որ էջի վրա կարելի է մի որևէ նյութի հղումի փոխարեն դնել հենց դրա ֆայլը, անկախ այն բանից, թե դա սովորական Word office փաստաթուղթէ, տեսանյութ, թե` Power Point: Հղումները միշտ էլ անօգնական են լինում, երբ բացակայում է ինտերնետը:

Մի լրացուցիչ հնարավորություն էլ կա անգլերեն սովորողների համար: Այս ծրագրով բացված տեքստի յուրաքանչյուր բառի ճիշտ արտասանությունը կարելի է լսել` ակտիվացնելով բառը և սեղմելով audio կոճակը:

 

Աղբյուրը`   http://www.pil-network.com/pd/course/wic