• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կենսամշակութային արշավ դեպի Լեռնագոգ, Քարակերտ և Գետաշեն

Հուլիսի 31-ին   «Սեբաստացիներ»  երգչախումբը  մեկնել էր  Արմավիրի  մարզ`  հերթական  կենսամշակութային արշավին: «Մոբիլ դպրոց  կամ  դասարան անիվների  վրա»   ծրագրի շրջանակներում  պետք է  այցելեինք  Լեռնագոգ,  Քարակերտ  և  Գետաշեն  գյուղերը:  Մեզ  ուղեկցում էր  «Հայաստանի  մանուկներ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր   տնօրեն Սերոբ  Խաչատրյանը: Առաջին   երկու  գյուղերը` Լեռնագոգը  և Քարակերտը,  ուր   եղանք,  մտնում են  Բաղրամյանի   շրջանի  մեջ:   Շրջանը  խորհրդային տարիներին  աչքի է ընկել իր արդյունաբերական  համալիրներով, որոնք  այսօր, ցավոք,  անգործության են մատնված:  Դրանցից միայն  մեկը`  Կովկասի տարածաշրջանի ամենամեծ  ալրաղաց  կոմբինատը   իր ողջ   «շքեղությամբ»  տարածվում էր  մեր առջև: Ժամանակին  Արագածոտնի,  Թալինի,  Էջմիածնի  և հարևան  այլ շրջանների  հաշվին է կատարվել  Բաղրամյանի շրջանի բնակեցումը,  բայց  խմելու ջուրը այստեղ միշտ էլ  ամենակարևոր  հիմնախնդիրն է եղել, որ առ այսօր լուծված չէ:  Բնակիչները  խմելու ջուրն  առնում են,  որովհետև  տեղի արտեզյան  ջուրը  շատ կոշտ է  և  խմելու բան չէ:  Ջրի պակասի հետևանքով  էլ   այս շրջանը  դատապարտվել   է  ամայության` ոչ մի  կանաչ  գոտի,  աղու  հողեր:  Միայն վերջերս  անհատ ձեռներեցների շնորհիվ  տեղ-տեղ  օազիսների նման  տարածվել են   ծիրանի,  խաղողի  այգիներ, որոնք  աչք են շլացնում`  ուրախություն  պատճառելով  մեզ` մեր երկրի  բարօրությամբ  ուրախացող   սեբաստացիներիս:  Երկու գյուղերում էլ  աչք շլացնող ուրիշ բաներ էլ կային`  փողոցների մաքրությունը,  ամեն տան  դարպասին  ամրացված   աղբամանը,  դպրոցիների  սպիտակ,  գունեղ,   լուսավոր շենքերը,  հարմարավետ ու նորաոճ  դպրոցական   կահույքը, ամառային  ճամբարին  մասնակցող,  վոլեյբոլ խաղացող, երգող, պարող, նկարող բազմաթիվ երեխաները և այլն, և այլն…  Ուսումնական  նոր միջավայրի, կահավորման  և ձևավորման, գյուղերի բարեկարգման  գործում  շատ մեծ  էր մեզ ուղեկցող   Սերոբ  Խաչատրյանի և իր  կազմակերպության  անմիջական մասնակցությունը, որի համար  իսկապես շնորհակալ ենք  նրան:  Վերջին  գյուղը, որ  արդեն Արմավիրի շրջանի մեջ է  մտնում,  Գետաշենն  է:  Գյուղն  ընդամենը  800 մետր է  հեռու  սահմանից և  գյուղի  որ մասում էլ  հայտնվում էինք,  մեզ  ուղեկցում  էր   Մեծ Մասիսը:  Այս  գյուղում էլ  մեզ սպասվող  անակնկալները շատ էին.  ճիշտ է, գյուղական  դպրոցի շենքը  առաջին հայացքից  խնամքի  ու աջակցության  կարիք  ուներ,  բայց  այսօր արդեն   արժանավոր ու գործունյա  տնօրեն  Գևորգի   գործունեությունը  հավաստում է, որ  դպրոցն այս ապահով  ձեռքերում է,   ու շատ ժամանակ չի անցնի,  և  այն  չի զիջի  նորակառույց ու կահավորված  նախորդ  դպրոցներին:  Դե իսկ  դպրոցի բակում   աճող,   դպրոցի աշակերտների  թվին  համապատասխան  300  ծիրանենիները  և  ամեն ծառի կողքին  իբրև գեղեղեցիկ ձևավորում  մեր պատմական Հայաստանի  անունները կրող կարասները,  արդեն խնամված  նախակրթարանը, գյուղատնտեսական  տեխնիկան, տրակտորները, որից անմասն  չմնաց և մեր  անվանի  տրակտորավարուհի Սյուզի  Մարգարյանը, անկեղծորեն զարմացրել էին մեզ:   Զմայլված էինք,  հիացած,  և մեր հիացմունքն  արտահայտելու  մի ձև գիտեինք.  մեր` «Սեբաստացիներիս»  երգով, կոմիտասյան կատարումներով  ասելու, թե շնորհակալ ենք, որ դուք կաք, դուք`  այսօրվա  ու վաղվա  Հայաստանը շենացնողներդ:

                 

                                                                 Դասավանդող`  Թամար Ղահրամանյան