• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բացահայտում

Նրա մեջ առկա է  լեռների ոգին: Ընդհանրապես բնաշխարհը, տարածքը և միջավայրն անջնջելի կնիք են թողել նրա խառնվածքի և տեսակի վրա: Հպարտ է, զգայուն, պատվախնդիր: Լուրջ է և հավասարակշիռ, բայց ծերացած չէ: Սկզբից ամաչում էր խոսել: Տարածքը և տարածքի բարբառը, իրենց հետքն են թողել նաև խոսքի հնչերանգներում: Իսկ դա կմնա, երբեք չի ջնջվի: Մեծ դժվարությամբ բացեցի և ստիպեցի, որ խոսեր: Որպեսզի չամաչի, ես էլ իմ բարբառով էի խոսում: Պատմեցի, որ անգամ համալսարանի ավարտական քննությունն եմ բարբառով հանձնել: Ուրախացավ: Շրջանի մարդու հոգեբանությունն այլ է: Տեսակը՝ գերզգայուն: Նրան վաղուց էի բացահայտել, դեռ այն ժամանակ, երբ Սյունիքում էինք և գիշերեցինք նրա տանը: Տեսա ընտանիքը, հարազատներին, գյուղն ընդհանրապես: Այդ միջավայրից դուրս եկած մարդը չի կարող վատը լինել: Նա ով ունի այդքան անկեղծ հայր և այդքան կանացի մայր, արդեն երջանիկ է: Իսկ նա երջանիկ է: Համառությունը դրսևորվում է մերթընդմերթ: Թավ հոնքերի տակից փայլող հայացքն ասում է ամեն ինչ: Եվ որքան կյանք ու ձգտում կա այդ հայացքում: Հարգում է իր շրջապատը: Մի անգամ, ցույց տվեցի թե նեղացած եմ: Ու ի՞նչ: Ուժի մեջ հայտնվեց մանուկի հոգին, որն այնքան զարդարում է նրան: Քաղոնի բարձրունքն հաղթահարելիս ցույց տվեց վարմունք ընկերոջ հանդեպ, որն ամբողջացրեց նրա դրական կերպարը: Սիրահարվա՞ծ է: Ասեմ: Հրապուրված է շատերով, ընդհանրապես սիրում է գեղեցիկը: Բայց դեռ ոչ մի դեռատի պարմանուհի չի կարողացել ամբողջապես նվաճել նրա սիրտը:

 

Հ. Գ. 

Այս անգամ Հ. Գ. չկա: