• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պիլիկ Էձոն

Շարունակելով «Պատանեկությանս Կումայրին» շարքը, ինչպես խոստացել էի նախորդ նյութի մեջ, այս անգամ կանդրադառնամ մեր քաղաքի ունիկալ երևույթներից մեկին՝ Պիլիկին:

Եթե Ձեր ձեռքն ընկնի Կումայրու հումորաշատ դեմքերի մասին նոր հրատարակության որևէ գիրք, ապա Պոլոզ Մուկուչի, Ծիտրո Ալեքի և այլոց շարքում, կնկատեք նաև Պիլիկ Էձո անունը: Ես բախտ եմ ունեցել տեսնել, ավելին՝ ապրել այդ մարդու հետ, կողք կողքի և շփվել նրա հետ (այն քիչ սթափ պահերին, որ նա ունենում էր): Իսկ թե ինչու՞ Պիլիկ, պարզից էլ պարզ է՝ շատ էր խմում: Մեր թաղում մի քանի պիլիկներ կային, բայց ամենանշանավորն այդ շարքից Էձոն էր: Պիլիկն ուներ աղջիկ, անունը՝ Լիլիկ: Եվ «մեկ սեփական պատկանելության կին» (մեջբերումը Պիլիկից է), անունը՝ Սինարա, որին նա խմած պահերին անվանում էր սինյորիտա, իսկ հարբած պահերին, սինյորիտա՛, դքսուհի՛ս: Եվ ի պատասխան այդ քնարերգության, ստանում էր «գլուխդ թաղեմ, էլի լակած եկե՞լ ես»-ի հերթական չափաբաժինը:

Պիլիկը յուրօրինակ էր ոչ միայն իր արարքներով, այլ նաև արտաքինով: Բավականին փոքրամարմին էր և վտիտ, բայց ուներ մարմնին ոչ համահունչ ոգի և բերան: Բեղի փոքրիկ գիծը նրան առավել մոտեցնում էին Հիտլերին, իսկ մազերի առաջ տված հատվածն անընդհատ ցրիվ էր գալիս դեմքին: Այդ հատվածին նա անվանում էր քյանքյուլ: Պիլիկի շունը՝ Բոբին, ճիշտ և ճիշտ նմանօրինակն էր նրա պատկերին: Ցավում եմ, որ չեմ կարող ընթերցողիս փոխանցել Պիլիկի բոլոր յուրատեսակ ռեկորդները և մարգարտաշաղ մտքերը, քանի որ դրանք, գերզարգացած հասարակություններում ընկալվում են որպես հայհոյանք: Այնուամենայնիվ, կփորձեմ դրանցից մի քանիսը ներկայացնել, որով և ականջալուր կդառնաք Պիլիկի անսահման պոետիզմին:

Պիլիկի աղջկան՝ Լիլիկին ամուսնացրեցին մի համեստ տղայի հետ, ում անունն էր Սեյրան: Իսկական սիրահար, անունին համահունչ: Սեյրանը եկավ տնփեսա, և Պիլիկի միապետությունը ստացավ վերջնական տեսք: Նա այլևս մենակ չէր ձեռնարկում պատժիչ արշավանքներ, որոնց արդյունքում Լիլիկը և սինյորիտա-դքսուհին կարող էին դրսում անցկացնել ամբողջ գիշերը: Ի հեճուկս Պիլիկի, որն ասլան թոռ էր ուզում, իր չեղած տիրույթները կտակելու և, խոստման համաձայն, հարևան Լորդի (Պիլիկի պատկից հարևանի մականունն էր) բդեշխությունը զավթելու համար, Լիլիկը համառորեն աղջիկ էր ծնում: Մեկ, երկու, երեք... խորացնելով Պիլիկի վիշտը և տալով նրան հիմնավորում՝ նորանոր շշեր դատարկելու և իր թաղում բույն դրած խանութպանին սպառնալու, թե կգնա մաուզերը կբերի, դուքանը կավերի, եթե օղի չտա: Մի հերթական օր, երբ Լիլիկն ունեցավ հերթական աղջիկը (կարծեմ հինգերորդը), մեր տան տանիքում գործ էի անում: Չանգի (այդես ենք մենք անվանում փողոցի խաչմերուկը) հատվածում, ութը գրելով երևաց Պիլիկը: Հերթական բոթն իմանալուն պես ժամանակ ու ջանք չէր խնայել Բաքոսի գիրկն ընկնելու և վշտերը նրան պահ տալու համար: Նրա անմխիթար տեսքից (դեռ չգիտեի, որ հերթական աղջիկն է ծնվել) ես միանգամից գուշակեցի, որ աղջիկ է ծնվել և չարաճճի հայացքով հարցրեցի, թե ինչ երեխա է: Պիլիկը շեշտակի, չարացած նայեց ու... խեղճ Լիլիկ, երևի ծննդաբերության ցավերից այդքան չէր տանջվել, որքան հեռագնա տանջվեց իր նախնյաց հիշատակումից:  Մի կերպ զսպելով ծիծաղս, հարցրեցի, թե ինչ անուն է որոշել: Պիլիկն ընդունեց խրոխտ տեսք, գլուխը կտրուկ հետ տարավ, որ քյանքյուլը հեռանա ճակատից, նայեց ինձ արծվենի հայացքով և պատասխանեց. «Բավական է. Բավական բդի դնեմ անունը, օր էլ չունենա»: Ու դրեց:

Պիլիկի մարգարեությունը կատարվեց. Լիլիկն էլ երեխա չունեցավ: Բայց Պիլիկի վիշտը, չգիտեմ, այդ պատճառով էր, թե մեկ ուրիշ պատճառ ուներ, որը վարպետորեն թաքցնում էր բոլորից, օր օրի խորանում էր, ավելի հյուծելով նրա առանց այն էլ հյուծված մարմինը: Եվ այս փուլում էր, որ Պիլկը սահմանեց իր հերթական թևավոր խոսքը, որը թաղի բնակիչները դեռ երկար կհիշեն:

Պիլիկի տան դիմացն ապրում էր Վարդանյան Միշան, նախկին ոստիկանապետ, որին Պիլիկն ատում էր, ինչքան հնարավոր է: Միշայենց տունն այն շարքի վրա էր, որտեղ ապրում էր իմ մանկության մեծագույն սերերից՝ Օֆելյա տատիկը: Այսինքն` տան հետևով հոսում էր այն հռչակավոր ջուրը, որտեղ իմ շատ սիրելի Ֆրունզիկը գասպարալող պիտի տար, և որտեղ հիմա թափվում են թաղի բոլոր կեղտաջրերը, որը դարձել է կեղտաջրեր տանող մի փոքրիկ առու: Այն հիմա կոչվում է Կեղտոտ չայ («կեղտոտ» ասում եմ, Դուք ուրիշ բառ հասկացեք, պարզապես տհաճ կնայվի, եթե իսկական անվանումը գրեմ): Միշան դոխ (աղավնի) էր պահում: Այս հանգամանքը ևս խորացնում էր Միշայի և Պիլիկի փոխադարձ ատելությունը, քանի որ Պիլիկը ևս դոխ էր պահում, և դրանք պատահական դոխեր չէին, հատուկ վարժեցված էին, որոնք որոշակի գործառույթներ էին կատարում բանտում գտնվող Պիլիկի ընկերների համար: Տերերի թշնամանքը փոխանցվել էր նաև  թռչուններին: Ի դեպ, մոռացա ասեմ, որ խիստ հարբած պահերին, Պիլիկը խոսում էր բացառապես գրական: Մի օր, հերթական ամառային օրերից մեկը, երբ տաղտուկը մտնում է ամենուր, և չես ուզում անգամ տանից դուրս գալ, փողոցից լսվեց մի  աղմուկ, որին միշտ հուզումով սպասում էր ամբողջ թաղը: Միշան ու Պիլիկն էին բեմում: Այդպիսի տեսարան Դուք երբեք չեք տեսել: Այդ բախումներում կար ամեն ինչ՝ տրագեդիա, կոմեդիա, սատիրա, արյուն, ծիծաղ, աբսուրդ: Մի խոսքով, Ձեր պատկերացրած լավագույն ներկայացումն անգամ կիսով չափ չի կարող փոխարինել այդ բախումներին: Միշան մարմնով երեք-չորս անգամ գերազանցում էր Պիլիկին, բայց դա չէր խանգարում, որ Պիլիկը հիշեր իր իմացած ու չիմացած հերոսներին, գոտեպնդվեր ու հարձակվեր:

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել այս անգամ: Միշայի աղունիկները կանգնել էին Պիլիկի ալեհավաքին: Ես հասա այն պահին, երբ Պիլկի քյանքյուլն ուղղելով, կուրծքը խրոխտ առաջ տված գոռում էր. «Պարոն միլպետ, աղունիկներդ նստել էին ալեհավաքիս, ամբողջ օրը հեռուստացույցով աղունիկ էի դիտում»: Կարիք չկա անդրադառնալու այն բոլոր փոխադարձ «հաճոյախոսություններին», որոնք փոխանակեցին նախկին միլպետն ու հոգով գողականը: Հետաքրքիր էր դրամայի երկրոդ մասը: Միշան, առանց մեծ դժվարության, բռնեց Պիլիկի ոտքից, շուռ տվեց գլխի վրա և այդպես մեկ ոտքից կախ տված, տարավ որ նետի Կեղտոտ չայը: Ես արագ վազքով շրջանցեցի հանդիպակաց տները և դուրս եկա հարմար դիտակետ, որտեղից երևում էր հետևյալ արարը: Միշան պահանջում էր Պիլիկից ներողություն խնդրել, այլապես խոստանում էր նետել ջուրը: Այդ կուլմինացիոն պահին, չկորցնելով իրեն, մի ոտքը Միշայի ձեռքում, մյուսով անհասկանալի շարժումներ անելով, քյանքյուլը քսելով ջրին, Պիլիկը գոռում էր.

Նետիր ինձ անդունդը ամեհի,
Թող որ կորչեմ ես, 
Ալիքների մեջ փրփրադեզ, 
Բայց չասեմ երբեք, 
Ես ներողություն,
Ստոր բոլշևիկ:
Պարզապես հավելեմ։

Ջրի խորությունն առավելագույն քսան սանտիմետր էր: 

Պիլիկը մահացավ օղու հետևանքներից առաջացած հիվանդությունից:

Հ. Գ.  Միշտ ժպտում եմ նրան հիշելիս և ծիծաղում եմ, երբ հիշում եմ թե ինչպես էր ծածանվում նրա քյանքյուլը: