• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աստվածաշնչի պատմականությունն ու արդիականությունը

 

Ողջ քրիստոնյա աշխարհում դժվար է գտնել իրեն քիչ թե շատ մտավորական համարող մարդու, որ անտեղյակ լինի Աստվածաշնչից: Աստվածաշնչյան գիտելիքները մատաղ սերնդին հաղորդելու տարբեր մեթոդներ են գործում, սկսած ընտանիքից մինչև միջավայր, եկեղեցի և դպրոց: Պատմության, լեզվի ու գրականության դասերի ընթացքում ուսուցիչն հնարավորություն ունի իր սաների սեփականությունը դարձնել շատ կարևոր գիտելիքներ, առանց որոնց անհնար է պատկերացնել ժամանակակից մարդուն: Ստորև փորձում ենք շարադրել այն դրույթները, որոնք առանցքը պիտի կազմեն աշակերտների աստվածաշնչական կրթության: Այսօր մենք ապրում ենք հարափոփոխ գաղափարների և շփոթեցուցիչ երևույթների մի ժամանակաշրջանում: Իբրև արդյունք արտաքին այս երևույթների՝ մեր մեջ տիրում է անորոշությունը հոգևոր և բարոյական արժեքների նկատմամբ: Մանավանդ նոր սերունդն անորոշության այս խառնաշփոթի մեջ հակամետ է կենցաղային վայելքների հետևից ընկնելու՝ կորցնելով կյանքի չափն ու կշռույթը և իր ընտանիքից ու դաստիարակներից ստացած սկզբունքներից: Այսպիսով նրանք կարող են կորցնել կյանքի, պատմության և իրենց գոյության իմաստը: Ահա կյանքի այդպիսի շփոթ վիճակներում չսայթաքելու համար Աստվածաշունչը մեզ մատուցում է հետևյալ հոգևոր կանոնները.

·          Աստված է երկնքի  և երկրի Արարիչը, որ այսօր ևս կառավարում է աշխարհը և մշտարթուն հսկողն է մարդկության պատմության:

·         Մարդն արարչագործության գագաթնակետն է՝ ստեղծված Աստծո պատկերով: Բայց նա աստվածային շնորհած փառքից ընկել է և խաթարվել:

·         Հիսուս Քրիստոս Աստծո գերագույն հայտնությունն է, Փրկիչն աշխարհի և Որդին բարձրյալն Աստծու:

·         Հիսուս Քրիստոսով է իրագործվելու մարդկության փրկությունը և նրա արժանացումը՝ հավիտենական կյանքի:

Ահա այս կարևորագույն կռվանների վրա է խարսխված Աստվածաշնչի արդիականությունը: Հայ մատաղ սերնդի հոգևոր դաստիարակության գործը, Քրիստոսի ամենահաղթ լույսով նրանց հոգիները լուսավորելու խնդիրը կարող է շատ բան բարեփոխել մեր երկրի վաղվա հոգևոր, քաղաքական ու տնտեսական ու մշակութային նկարագրի մեջ, իսկ դա բոլորիցս պահանջում է հետևողական աշխատանք, անմնացորդ նվիրում և կոչման գիտակցություն՝ սրբազան առաքելության ճանապարհին: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ այս ոգով կմոտենա իրեն վստահված աշխատանքին և այդպիսով կհասնի ակնկալված հաջողության:

Ներսես Արք. Պոզապալյան «Աստվածաշնչական Հայաստան» գրքից