• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տհաճ ակնարկ-5

Չնայած այն հանգամանքին, որ շեղվեցինք ձևաչափից և Ձեր մեջբերումների մի զգալի մասն արդեն ինձ չի վերաբերվում, այնուամենայնիվ, պատասխանեմ նաև այս համատեքստում:

1. Ես ինձ համար դեռ չեմ սահմանել և հույս ունեմ, որ չեմ սահմանի հայկական իրականությունը: Ինչ մնում է բուն տեքստին, ապա պատմության մեջ, ինձ համար աքսիոմաներ չկան: Պատմությունն ինձ համար գործիք է, որն այդ պահին կօգտագործեմ՝ ինչպես հարմար գտնեմ հենց այդ պահի համար: Սա էլ ի պատասխան ուղիղ խոսքի տհաճություններին:

2. Նախորդ տեքստում բերված փաստարկների հետ կապված, ես արդեն արտահայտել եմ իմ տեսակետը: Ասեմ ավելի կոնկրետ և որոշակի, դրանք փաստարկներ չեն, այլ գռհեկաբանություն: Եվ վերջին, սրբազան պոռնկությունն ինձ համար կլիներ հաճո, եթե ես ապրեի պատմական այդ փուլում և տարվա այդ ժամանակահատվածում գտնվեի Եկեղյաց կամ մեկ այլ գավառում, որտեղ կան Անահիտի պաշտամունքային համալիրներ:

3. «Գիլգամեշ» էպոսում չի հիշատակվում Հայաստան երկիրը: Էպոսի այդ հատվածը նվիրված է Արատտա, Արարադի կամ հնչյունաբանորեն մեկ այլ անվանման: Իսկ ես, ինչքանով որ հավատում եմ հայերի բնիկությանը, նույնչափ և հավատում եմ մասնակի եկվորությանը, որպես էթնոգենեզի անքակտելի բաղկացուցիչ: Իսկ քանի որ այդ փուլում հայ էթնոս, որպես առանձին էթնիկ տարր գոյություն չի ունեցել, ապա անհիմն եմ համարում բոլոր էպոսների դրական կողմերը վերագրել հայերիս:

4. Հելլենիստական Հայաստանը նույնպես Հայաստանն է: Դուք չեք կարող ընտրել Ձեր պատմությունը: Եվ ՁԵր իսկ դավանած հեթանոսության լավագույն պատկերացումները և մշակութային եզակի նմուշները մեզ ավանդել է հենց այդ Հայաստանը: Իսկ եթե ուզում եք ընտրել, ապա մինչ այդ վերհիշեք խնդրեմ Լևոն Աբրահամյանի «Ազգային ինքնության չորս հարացույց» հոդվածը:

5. Էնկիդու կեղծանվան հետ կապված պատմությունը, որը սպառնում է դառնալ առասպել, ինձ էլ է հետաքրքիր: Իսկ նրա հետ ունեցած Ձեր գաղափարաբանական վեճերն ինձ չեն վերաբերվում:

Հ. Գ. Նկարի հետ կապված հեղինակային իրավունքի խախտումին էլ մոտենում եմ ըմբռնումով. խորապես գիտակցում եմ, որ այն ավելացնում է տվյալ նյութի դիտումների քանակը: