• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սարգիսից մինչև Վլե

Վերջին շրջանում ազգս տոն է տենչում, ուրախություն: Ինձ համար դա հասկանալի է, օրվա վիճակի և գաղջության հետ չհամակերպվողները՝ այս դեպքում դեռահասները և երիտասարդները, պետք է ստեղծեն առիթներ: Սա բնականոն է ցանկացած հասարակության համար: Բայց մյուս կողմից առաջ է գալիս անհասականալին. արհեստական զավեշտը: Մարդիկ առիթներ են փնտրում միմյանց սիրելու, խոստովանելու, հաճելի պահեր պարգևելու կամ նվերներ տալու համար: Ինչու՞ է սա պետք, ի՞նչ հիմքերով ենք ամեն ինչ բերում մեկ օրվա դաշտ և պայմանավորում այդ մեկ օրով: Ու այդ մեկ օրը կամ մի քանի ժամն ապահովելու համար ստեղծում ենք կամ ներկրում ենք արհեստական տոներ, օրեր, սովորույթներ: Հանուն...: Այդպիսիններից մեկն էլ Վլեն է կամ, որ առավել ընդունված է ասել Վալենտինը: Վերջին շրջանում, հայկական տոնածիսական օրացույցում, նման արհեստականություններն ավելացել են, էլ չգիտեմ Վախեցնելու օր, Վերջին զանգ, Վալենտին և այլն, և այլն: Արդյոք պետք է դա մեր հասարակությանը: Ի՞նչ է շահում հասարակությունն այդ օրերից: Հավատացե՛ք, ոչինչ: Պարզապես, մեր «տառոսիկ» վաճառողները մի քիչ ավել փող են աշխատում, իսկ բարերը և երեկոյան սրճարանները լցվում են հարբած երիտասարդներով և դեռահասներով, ովքեր սեփական Ես-ի ինքնահաստատումը տեսնում են մի չափաբաժին ավել ռոմի կամ կիսամերկապարային շարժումների մեջ (օրինակը տարածական չէ բոլորի համար): Գոնե տոն նշելու մշակույթ ունենայինք: Այս առումով, առավել քան ակնհայտ է աբսուրդի թատրոնը, երբ դու ունես համարժեքը, նշել ես մի քանի օր առաջ ու հիմա մի հատ էլ ես փորձում: Սարգիս-Վալենտին հակադրությունը մոտավորապես նմանվում է մեկ տարվա մեջ երկու անգամ Նոր տարի նշելու վիճակին: Չքննարկելով Սարգիսի ծագումը (Սարգիս, որովհետև ինձ համար սրբեր չկան), պարզապես փաստում ենք, որ նրա շուրջ ձևավորված տոնածիսական համակարգն արդեն ունի որոշակի հասարակական աղերսներ՝ ասել կուզե արմատացած է: Այս պարագայում ի՞նչ պահանջմունքեր այն չի բավարարում: Ցանկացած տոն, իր ձևավորման պահից մինչ այժմ, կրել է բազմապիսի փոփոխություններ, հարմարվելով հասարակական պահանջմունքներին: Բացառություն չէ նաև Սարգիսի հովանու ներքո անցկացվողը: Իսկ եթե որևէ ասպեկտում այն չի բավարարում, ապա ցանկացած անհատ կամ խումբ, կարող է դրանում մտցնել փոփոխություններ և նշել իրեն հաճո ձևով, ոչ թե փորձել գտնել համարժեքներ, որոնք անհարմար դրության մեջ են դնում շատ դեպքերում հենց նույն տոնի ջատագովներին: Պատկերացրեք մի վիճակ, խիստ տիպաբանական մեր օրերին, երբ ասենք ունենք սովորական զույգ, մի քիչ պահանջկոտ աղջկա մասնակցությամբ: Ստացվել է այնպես, որ զույգի մյուս սուբյեկտը՝ այս դեպքում տղան, տարվա ընթացքում առանց հորինովի առիթների, ուշադրության է արժանացրել դեպքի մյուս օբյեկտին՝ աղջկան: Բայց արի ու տես, որ Վլեի կամ Ցետկինայի մեծարման օրը, արական սեռի ներայացուցիչը չի ունենում հնարավորություն՝ համապատասխան ընծա մատուցելու ու այստեղից սկսվեց...: Չշարունակեմ:  Ու ստացվում է ի՞նչ: Միավորման տենչով տառապողներն իրենց սեփական ձեռքով գնում դեպի անհարմար կացութաձև: Սոցիալական բաղադրիչով պայամանավորելով իրենց ռոմիկանման կամ ջուլիկավայել զգացողությունները: Բավական է, հարգելիներս: Գտեք ավելի պարզ լուծումներ: Տուրք մի տվեք ձևականություններին: Չե՞ք գտնում այդ լուծումները, համեցեք, դրանք կան: 

Հ. Գ.

Հիմա, եթե որևէ մեկը փորձի ինձ ասել, թե ես սև եմ ներայացնում ամեն ինչ, ուրեմն թող իմանա, որ իրականությունն է սև, իսկ եթե որևէ մեկը, փորձի համոզել, որ իր զգացմունքները, սերը կամ չգիտեմ ինչը նվիրական են անաղարտ լեռներում ծվարած աղբյուրի նման, ապա թող պատասխանի, թե ինչու հորինում առիթներ, դրանց հավաստիացումը ստանալու համար: