• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սիրե հայրդ ու մայրդ...եթե հարուստ են

Այսպես է բնութագրում Հակոբ Պարոնյանը, 19-րդ դարի տարաբովանդակ հոլովույթներում գործունեություն ծավալած նշանավոր կղերականներից մեկին՝ Խորեն Նարպեյին: 

Հինգշաբթի օրը, «Հայոց հարց» հաղորդաշարի շրջանակներում կնկարահանվի երկու հաղորդում: Առաջինը նվիրված է Գուրգեն Մահարուն և բանախոսներից մեկը կրթահամալիրի տնօրենն է: Երկրոդը նվիրված է Խորեն Նարպեյին, բանախոսներից մեկը՝ ես եմ:

Խորենի հետ առիթ եմ ունեցել շփվելու երկու անգամ: Առաջինը դա այն ժամանակ էր, երբ թերթում էի Բեռլինի վեհաժողովի հետ կապված նյութերը, իսկ երկրորդ դեպքում փորձում էի ուսումնասիրել Ռումինիայի հայ համայնքը: 

Ընդհանրապես, ես այն կարծիքին եմ, որ պատմության ընթացքի և դեպքերի դասավորման վրա, ավելի շատ ազդեցություն է թողնում պարզ մարդկային կենցաղը՝ իր խառնվածքով և փոխհարաբերություններով, քան մեզ ներկայացվող պաշտոնական իրողությունների շարքը: Այս ելակետից ելնելով, որոշեցի ընթերցողի հետ կիսվել Խորեն արքեպիսկոպոսի գործունեության որոշ դրվագներով: Նա այն գործիչն է, որի վարած կյանքը և գործունեությունը, հակասական կարծիքների և տպավորությունների հիմք են հանդիսանում, ինչպես ժամանակակիցների դիտարկումներում, այնպես էլ հետագայի դիտանկյունից: 

Ծնված լինելով Պոլսում, նա փայլուն տիրապետում էր ժամանակի հայկական մտավորական էլիտայի վարքականոններին և մոտեցումներին: Պատանի տարիքում, մոր հորդորով, եղբոր հետ մեկնում է Վենետիկ և կրթություն ստանում Մխիթարյան միաբանությունում: Այնուհետ հայտնվում է Փարիզում, որտեղ, բնատուր տաղանդի և բացառիկ շփման ունակությունների շնորհիվ, կապեր է հաստատում Փարիզյան մտքի տիտանների հետ՝ ընդհուպ մինչև Հյուգո: Հենց այստեղ է, որ ի հայտ են գալիս Խորեն անհատի բարձր հավակնությունները, որոնք վերջնականապես պետք է ուղղորդեին նրա կյանքի հետագա ընթացքը: Սա այն դեպքն էր, երբ մարդը կրոնը ծառայեցնում է սեփական շահերին: Գործնական խնդիրները բերելով անձնական հարթություն, նա գժտվում է Մխիթարյան հայերի հետ և հրաժարվում կաթոլիկությունից՝ ընդունելով լուսավորչականություն: Այս որոշման վրա, քիչ ազդեցություն չէր թողել նաև ժամանակի մեծագույն  ինտրիգանտներից մեկը՝ Գաբրիել Այվազովսկին: Գալֆայանը(նրա առաջին ազգանունն էր, հետագայում իր համար կյուրացնի Նարպեյ պատվանունը, այնուհետ իրեն կհռչակի Լուսինյանների շառավիղ) շատ հեշտությամբ բարձրացավ եկեղեցական աստիճանակարգությամբ, որի բարձրակետը արքեպիսկոպոսն էր: Ժամանակակիցները նրան դիտարկում էին որպես Վարժապետյանի իրական մրցակից, բայց հղում անելով նրա մտավոր բարձր ունակություններին, հռետորական խոսքի մշակույթի տիրապետմանը, ոչ մեկ չէր մոռանում դիտարկել նաև նրա անձնական որակները, որոնք ժամանակի հայ հասարակության պահպանողական (սա այն շերտն է, որը նույն բաներն անում է տակից, բայց բարձրաձայնում է դիմացինի արածը) շերտերի համար անընդունելի էին: Խորենն ինքը ևս չէր թաքցնում իր հավակնությունները, որոնք առնչվում էին Ռումինիայի թեմի առաջնորդի կամ Պոլսի պատրիարքի պաշտոնի հետ կապված: Այս ամենի հետ մեկտեղ, նա ծավալում էր բազմաբովանդակ գործունեություն՝ գրական աշխարհում: Հայտնի են ինչպես նրա ստեղծագործությունները, այնպես էլ նրա կողմից թարգմանված գործերը: Նա տիրապետում էր յոթ լեզուների: Հակասական այս անձնավորությունը, մի որոշ ժամանակ իր ներուժը ի նպաստ դրեց հայկական հարցի լուծման գործընթացին, որի պատճառով էլ արժանացավ երկկողմանի մեղադրանքների՝ ինչպես Համիդյան Թուրքիայի այնպես էլ, ցարական Ռուսաստանի կողմից: Երկուսն էլ Նարպեյին մեղադրում էին լրտեսության մեջ: Արդյունքում նա կարգալույծ արվեց, և վախճանվեց ոստիկանությունում՝ խմելով թունավորված սուրճ:

Հ. Գ. Նամակներից մեկում, Հյուգոն նրան բնութագրում է այսպես._«Հին ցեղերու արյունն ունիք և նոր ցեղերու ոգին»: