• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թոռնուհին

Կանգնած էի աղաբլիթների սեղանի մոտ, որպեսզի իմ ահից երեխաները չվերցնեն: Եկավ Վահեն՝ սպիտակ ձիավորի հետ: Բոլորը խառնվեցի ձիավորի շուրջ և հնարավորություն ինձ տվեցին տեսնելու Նրան...

Երբ առաջին անգամ տեսա Նրան, ինձ թվաց թե սխալ եմ անում, որ չեմ հավատում հրեշտակների գոյությանը: Երկար նայում էի փոքրիկին ու մտածում, որ միգուցե հրեշտակ ասվածը երկրային է, կարող ես նայել, ժպտալ ու շոյել գլուխը: Բայց այդ ամենը պետք է անես շաաատ զգույշ. կարող է աներևույթ դառնալ: Ու ամեն անգամ, երբ տեսնում եմ նրան, անկախ ունեցածս տրամադրությունից (այն հիմնականում վատն է լինում), սիրտս լցվում է խանդաղատանքով: Նայում եմ Նրան, որ միշտ զբաղված է լինում կարևոր գործով, լուռ ժպտում ու անցնում: Գեղեցիկ է Նա, ինչպես վաղորդյան ցողը՝ մայիսյան կանաչի վրա, և զուլալ՝ ինչպես հուլիսյան վտակը: Պարզ է հայացքը ու տարիքին ոչ բնորոշ խոհեմ: Կաթնաթույր հեզության տակ, կարծես թաքնված է լեռնուհու ոգի: 

Այսօր տեսա Նրան, լուռ կանգնել էր սեղանի մոտ, մի տեսակ ամաչելով, շիկնած: Շուտ-շուտ նայում էր աղաբլիթներին ու երկչոտ հայացքը թեքում, կարծես մատնում էր իրեն, բարձրաձայն մտածելով: Բլիթի և նախապաշարմունքի մեջ, նրա հույզերն էին առկայծում, որոնք այնքան մաքուր էին ու անկեղծ, այնքան սպասումով լի ու միևնույն ժամանակ ամոթխած: 

Երբ ձիավորը եկավ, բոլորը խառնվեցին նրա շուրջ, միայն Նա չհեռացավ սեղանից՝ Թոռնուհին, ում մանկական հոգու երազանքն այդտեղ էր: Ուզում էր վերցնել, բայց նայում էր վախեցած, շառագունած այտերով, որոնք կատարյալ էին դարձնում նրան: Երբ ասեցի որ կարող է վերցնել, զարմացած նայեց, ու այդ հայացքում փայլ կար, որ ինքը կյանքն է: Մի պահ ձեռքը անվստահ առաջ բերեց, հետո հետ քաշեց: Հետո հաղթեց վճռականությունը՝ վերցրեց, էլ ավելի կարմրեց ու փախավ: Փախավ այնպես, ինչպես կփախչեր Րաֆֆու Լալան, այդքան ջերմություն կար այդ փախուստի մեջ և նրա սիրտը տակնուվրա անող հաճելի անհանգստություն, որ բաղձալին իր ձեռքում է...

Հ. Գ. 1 Նա Թոռնուհու իմ երազած նախատիպն է

Հ. Գ. 2 Ես չգիտեմ նրա անունը, բայց գիտեմ, որ մեր գրադարանի աշխատակցուհի տիկին Նոնայի Թոռնուհին է