• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

SOS Մեղրաձորին

Մեղրաձորցիների դիմումը նախագահին.
«Հայաստանի առողջարանային Ծաղկաձոր-Մեղրաձոր-Հանքավան գոտու կենտրոնում մտադիր են ցիանային արտադրություն կառուցել: Մեր Մեղրաձոր գյուղին սպառնում է էկոլոգիական աղետի գոտի դառնալու վտանգը:
Արդեն մեկ ամիս է, ինչ «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը ճնշում է գործադրում գյուղի բնակիչների նկատմամբ, ովքեր նախագծին դեմ են: Դեկտեմբերի 23-ին` գյուղի ընդհանուր ժողովում, ընկերությունը հենց հանքերից բերեց իր աշխատողներին, որպեսզի մեր ձայնը լսելի չլինի: Ժողովը վարեց ոչ թե գյուղապետը, այլ «Մեղրաձոր Գոլդ» ընկերության տնօրեն Վարդան Մարգարյանը:
Մենք գիտենք այն վտանգների մասին, որոնք սպասվում են Մեղրաձորին, եթե այդ նախագիծն իրականացվի, թեպետ ընկերությունը եւ նախագծողը փորձում են մեզ խաբել` ասելով, որ ցիանային արտադրությունն անվտանգ է: Նատրիումի ցիանիդը, որը պետք է օգտագործվի արտադրության մեջ, մտնում է ամենավտանգավոր նյութերի ցուցակի մեջ, այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կենտրոնացված ճամբարներում օգտագործվել է մարդկանց զանգվածային թունավորման համար: Իսկ այժմ այն պատրաստվում են օգտագործել մեզ մոտ` Մեղրաձորում:
Աշխարհում մշտապես ցիանային աղետներ են լինում: Պատնեշների քանդվելու արդյունքում 2000թ-ին Ռումինիայում` Բաիա Մարեում, ցիանիդները հայտնվեցին Տիսա գետում, եւ այդ վթարը Եվրոպայում համարվեց երկրորդ ամենաահավորը Չեռնոբիլից հետո: 1998թ. Ղրղզստանում «Կուտմոր Օպերեյթինգ Քոմփընի» ձեռնարկություն նատրիումի ցիանիդ փոխադրելու ընթացքում տեղի ունեցավ վթար, եւ մեքենան ցիանիդի կոնտեյներով կամուրջից ընկավ Բարսկոոն գետ: Կոնտեյները կորցրեց իր հերմետիկությունը, եւ արդյունքում գետը վարակվեց նատրիումի ցիանիդով: 2577 մարդկանց մոտ հայտնաբերեցին ցիանիդով թունավորման ախտանշաններ: 4 հիվանդներ մահացան: Եթե ցիանիդի արտահոսք տեղի ունենա Մեղրաձորում, ապա այն ուղղակի կհայտնվի Մարմարիկ գետում:

Վտանգի կենթարկվեն Մարմարիկ գետին հարակից Մարմարիկ, Աղավնաձոր, Հրազդան բնակավայրերի շրջակա միջավայրը, Մարմարիկ եւ Հրազդան գետերի ջրերը: Իսկ նախագծում նույնիսկ հաշվարկ չի արված մեր տարածաշրջանի բարձր սեյսմիկության համար: Բացակայում է ռադիոակտիվ տարրերի առկայության մասին որևէ տվյալ այն դեպքում, երբ տվյալ ոսկու հանքավայրը, ըստ երկրաբանական ուսումնասիրությունների և քարտեզների, գտնվում է ուրան – թորիում ռադիոակտիվ հանքավայրային դաշտում: Ներկայացված չէ նաև արտակարգ վտանգավոր նատրիումի ցիանիդով եւ կապտաթթվով օդի, ջրի, հողի աղտոտումը:
Մի քանի տարի անց Մեղրաձորի հանքը կփակվի, ընկերությունը կհեռանա, իսկ Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտին կվերածվի մեռյալ գոտու, ինչն իր հետեւից կբերի զանգվածային արտագաղթ:
Խնդրում ենք Ձեզ` որպես օրինականության եւ Սահմանադրությամբ ամրագրված առողջության եւ առողջ շրջակա միջավայրի մեր իրավունքի երաշխավորի, կանգնեցնել վտանգավոր նախագիծը, որը սպառնում է Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտու գոյությանը, համայնքների գյուղատնտեսական գործունեությանը եւ տվյալ տարածքում մեր հետագա բնակվելուն»:

Աղբյուրը` ecolur.org