• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեկ տարի առանց խոզի բդի

   ԱՆցյալ ամանորի գիշերը, ես մի նյութ հրապարակեցի, որն անդրադառնում էր Ամանորյա չհիմնավորված զեխություններին և Սիմեոն Երևանցուն: Նյութը հանվեց կայքից, ցենզուրայից դուրս լինելու պատճառաբանությամբ: Չնայած այն հանգամանքին, որ ես մեկ առ մեկ հիմնավորեցի իմ առաջ քաշած տեսակետները և ոչ մի առարկություն չստացա, այնուամենայնիվ նյութը չվերականգնվեց: Այս Ամանորին ընդառաջ, ներկայացնում եմ ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանի մենագրությունից մի հատված: Կարծում եմ կհետաքրքրի...

     Տոնի նախապատրաստությունները սկսվում էին դեռևս աշնանից, երբ տանտիրուհիները հատուկ ամանորյա խնջույքի համար պատրաստում էին զանազան չրեր, ընդեղեն, մառաններում կախում էին տարբեր անուշաբույր մրգեր՝ տանձ, խնձոր, սերկևիլ, նուռ և այլն: Բուն տոնական նախապատրաստությունները սկսվում էին տոնական ուտեստների պատրաստությամբ: Ի տարբերություն հայոց ժամանակակից կենցաղի՝ ավանդական հայոց ամանորյա հյուրասիրությունն առավել պարզ էր: Այս տոնի ուտեստի առանձնահատկությունը նրա ծիսական միտվածությունն էր. Ամանորին պատրաստվող, մատուցվող, միմյանց նվիրելու համար նախատեսվող մթերքների թե տեսականին, թե դրանց պատրաստման ընթացքը հատուկ խորհուրդ ունեին: Հայոց ավանդական Ամանորին բնորոշ չէին ճոխ խնջույքները, ուտեստի կամ խնջույքների միջոցով հասարակական հաղորդակցության ձևերը: Ի տարբերություն հայոց ժամանակակից ամանորյա սովորույթների՝ երբ սեղանին գերակշռում են մսեղեն կերակրատեսակները, ավանդական սեղանին գերակշռում էր բուսական (բանջարեղեն, հացահատիկային, մրգային) ուտեստը:

      Դրա պատճառներից էր այն, որ հունվարի մեկը համընկնում էր Ս. Ծննդյան պասին, որը, սկսվելով դեկտեմբերի վերջին օրը, ավարտվում էր Ս. Ծննդյան ճրագալույցին՝ հունվարի հինգի երեկոյան: Դրանով էր պայմանավորված Ամանորի տոնական օրերին և նույնիսկ բուն խնջույքին պասին հատուկ կերակրատեսակների և մթերքների առկայությունը:

 

Ծատուրյան Ռ., Հայոց ավանդական տոնական ուտեստը, Եր., 2011: