• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մարդը

Նա վեհ էր իր տեսակով: Հայացքում կար սարսափ ներշնչող ահեղություն, բայց միևնույն ժամանակ՝ մանկական ջերմություն և հայրական գորովանք: Ես շատ քիչ եմ տեսել նման հայացքներ, երբ նայում ես մարդու աչքերին ու զգում ես, որ ինչ որ բան սովորում ես, ինքդ էլ չգիտես ինչ, բայց սովորում ես: Դա գրքային չէ, դա ինչ-որ ասույթ չէ, դա ինքը կյանքն է, որ քեզ ներկայանում է մարդու, այս դեպքում այդ Մարդու տեսքով: Նա հանգիստ էր, վեհանձն, լի ներելու ունակությամբ և գութ կոչվածով լեցուն: Երբ տեղում հանգիստ նստած էր, կիսաքուն, ես չկորցրեցի պահը և նայեցի նրա դեմքին: Ինչքան հանգստություն և խորհուրդ կար այդ խոհեմ կերտվածքում: Նրա մորուքն ինձ մի պահ հիշեցրեց այդ տարածքի նախկին տերերին, իրական տերերին: Ճակատը՝ փոքր ինչ կնճռոտված, հասկացնել էր տալիս, որ նա ներել է՝ ներել իրեն կնճիռներ պարգևողներին: Մարդը գրում էր աղոթքներ, ես չհարցրեցի թե ինչ աղոթքներ էր նա գրում, չհարցրեցի, որովհետև համոզված էի, որ Ներսեսից սկսած Գևորգ Ե, պիտի նախանձեին նրան քրիստոնեական բարությամբ: Չորս օրերի ընթացքում, մի անգամ նրան տեսա ժպտալիս, տեսա ու զարմացա, որովհետև Մարդը նաև պատանի էր: Անգամ փակ սենյակում, նրա հայացքը անհունին էր, որոնում էր լույսը, որը երևի դեռ չէր գտել: Փոխարենը գտել էր հանգստություն, նախանձելի հանգստություն: Նիրվանա ասվածի հավերժը քիչ է այդ հանգստությունը բացատրելու համար, այդ էյֆորի մեջ նա տեսնում էր ամենայն ունայնը... երանի ես էլ գտնեի իմ հանգստությունը: Երբ բաժանվեցի նրանից, արդեն կեսգիշեր էր, նրա հետ անցկացրած մեկ ժամվա ընթացքում, թախծոտ գոհություն իջավ հոգուս: Նրա սենյակից դուրս եկա այդ տպավորություններով, և վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ, խաչակնքելու ցանկություն առաջացավ: Չգիտեմ ինչու, բայց առաջացավ... դիմացս Գանձասարն էր, թիկունքում՝ նա: Երկուսն էլ` հավասար, երկուսն էլ` հզոր: Խաչակնքեցի: Ես չհարցրեցի նրա անունը, բայց գիտեմ, որ նա Մարդն է:

Հ. Գ.

Մարդը Գանձասարի վանքի պահակն է: