• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրի տիեզերական խումբը նաև ծննդյան օր է նշում

Երեկ լրացավ Իզմիրի տիեզերական խմբի ամենաուրախ տղայի` Դավիթ Շահինյանի 13 ամյակը: Կատակ բան չի, մարդն իր ծնունդը նշում էր Ստամբուլում: 13 տարեկանում ես Երևանից բացի ուրիշ քաղաք չէի տեսել, իսկ մեր Դավիթն իր ծնունդը անցկացնում էր քաղաքակրթությունների խաչմերուկ հանդիսացող այս հսկա քաղաքում: 

Ես ու տիկին Հասմիկը երկար մտածեցինք, թե ինչ կարելի է առնել Դավիթին: Արդեն ուշ էր, օրը մոտենում էր իր ավարտին: Դուրս եկա Ակսարայում պտտելու: Աչքովս մի ժամավաճառ ընկավ: Մոտեցա գին հարցնելու: Արևելքում ընդունված է ամեն ինչի գինը մեկին տաս ավել ասել, եթե դիմացինդ օտարերկրացի է: Դե ես էլ, արևելքի ավանդույթը չխախտելով, տաս անգամ գինը պակաս առաջարկեցի: Վերջը`համաձայնության եկանք: 

Ժամացույցը գնեցի ու տեսա, որ արդեն 23:45 է ցույց տալիս: Դավիթի նվերը կարող էր ժամանակավեպ լինել: Սկսեցի վազել դեպի հյուրանոց: Շնչակտուր մտա ներս: Դավիթն ու խմբի մյուս անդամները նստած էին առաջին հարկում: Տեսնելով իմ կարմրած ու քրտնած դեմքը` երեխաները վախեցան; Մոտացա Դավիթին: Նա տագնապով նայեց ինձ: Ժամացոյւցը մեկնեցի նրան ու շնորհավորեցի: Դավիթն աշխարհով մեկ եղավ:

Դավիթ ջան, ի սրտե շնորհավորում ենք ծննդյանդ տարեդարձը: Միշտ մնա այդպես կենսախինդ ու անմիջական: Ժամացույցն էլ նվիրում ենք, որ միշտ ճշտապահ լինես: