• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր պատմագիրները`Ագաթանգեղոս

 

<<Պատմութիւն Ագաթանգեղայ>> խորագրով մեզ հասած երկասիրությունը դեռևս միջնադարում լայն ճանաչման է արժանացել և թարգմանվել է հունարեն, արաբերեն, վրացերեն, եթովպերեն, լատիներեն, սլավոներեն: Առաջին հեղինակը, ով ակնարկում է նրա մասին` Փավստոս Բուզանդն է, ով հայտնում է, որ Գրիգոր լուսավորչի և Տրդատ թագավորի պատմությունը իրենից առաջ արդեն գրված է: Սակայն Ագաթանգեղոսի մասին հստակ կերպով խոսողը Ղազար Փարպեցին է: Նա գրում է, որ հայոց պատմության առաջին գրքերի սկիզբը դնելով ստույգ կերպով պատմեց երանելի այր Ագաթանգեղոսը: Այդ երկը նա անվանում է <<գիրք Գրիգորիսի>>,  որը նույն անունով հիշվում է նաև Սեբեոսի պատմության մեջ: Հետագայում մատենագիրներն այս գրքի մասին խոսելիս այն անվանում են Ագաթանգեղոս և ստուգաբանում հունարենով`  բարի հրեշտակ: Մ. Խորենացին ևս քաջածանոթ է Ագաթանգեղոսի պատմությանը: Ագաթանգեղոսի պատմությունն իր ժամանակին այնքան կարևոր նշանակություն ունեցող գործ է եղել, որ օտարների հետ դավանաբանական վեճերի ժամանակ հայերն այն վկայակոչել են: Ագաթանգեղոսի երկասիրությունը բաղկացած է առաջաբանից և չորս ուրույն մասերից.

ա) Վարք ևպատմութիւն Սրբոյն Գրիգորի

բ) Վկայաբանութիւն Հռիփսիմեանց

գ) Վարդապետութիւն Սրբոյն Գրիգորի

դ) Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան

Ոմանք սրանց զկզբում դնում են մի նոր հատված` անվանելով <<Խոսրով և Տրդատ>>: Ագաթանգեղոսի պատմությունը սկսվում է պարթև-արշակունիների անկման ու սասանյանների իշխանության գլուխ անցնելու իրադարձությունների շարադրանքով: Հայ արշակունիներից Խոսրով թագավորը իր պարտված տոհմակիցների վրեժը լուծելու համար, հարձակվում է սասանյան Պարսկաստանի վրա, ասպատակ սփռում: Զենքով անկարող լինելով դիմադրել հայոց թագավորին` սասանյան Արտաշիրը, Հայաստան է ուղարկում Պարթև Անակին, որը սպանում է Խոսրովին: Հայերը կոտորում են Անակի տոհմը, բայց նրա որդուն` մանուկ Գրիգորին մարդիկ փախցնում են Կեսարիա: Պարսից թագավորը հարձակվում է Հայաստանի վրա և նվաճում այն, իսկ գահաժառանգ Տրդատին նախարարներից ոմանք փախցնում են Հռոմ, ուր նա հռչակվում է իր քաջագործություններով, փրկում Դիոկղետիանոս կայսերը:  Հայոց գահաժառանգը Հռոմի օգնությամբ պարսիկներին դուրս է քշում Հայաստանից և վերականգնում հայոց թագավորությունը: Իսկ Գրիգորը Կեսարիայում քրիստոնեական կրթություն ստանալով` որոշում է քավել իր հոր` Անակի մեղքը և ծառայության  մտնում Տրդատի մոտ:

Այնքան բացահայտ է վիպական տարրի օգտագործումը Ագաթանգեղոսի պատմության այս բաժնում, որ Մանուկ Աբեղյանը որոշ հատվածներ չափածոյի վերածելով փորձում է մի նմուշ տալ այն մեծ վեպից, որ կոչվում է պարսից պատերազմ: Այս վեպի հատվածները պահպանվել են նաև Փ. Բուզանդի և Սեբեոսի մոտ: Ընդորում ագաթանգեղոսի և Բուզանդի մոտ գտնում ենք վեպի ամբողջությունը: Հետաքրքրական է Տրդատ թագավորի քաջությունը գովերգող հատվածը. <<Իբրև զսեգն Տրդատ որ սիգալուն ավերեաց զթումբս գետոց եւ ցամաքեցոյց, իսկ ի սիգալն իւրում զյորձանս ծովուց>>:

Պատմության առաջաբանում խոսվում է նրա հեղինակի մասին, որի անունը Ագաթանգեղոս է: Նա Հռոմից էր` վարժված լատիներեն և հունարեն դպրություններին: Եղել է Տրդատ թագավորի արքունիքում և նրա հրամանով գրել նրա հոր` Խոսրովի և իր` Տրդատի պատմությունը: Հետևաբար դա պետք է լիներ ժամանակակցի և եղելություններին մոտիկից ծանոթ հեղինակի գործ: Այդպես էլ ընդունել էին այդ պատմությունը 5-րդ դարից ի վեր: Մ. Խորենացին, օրինակ, նրան անվանում է <<աջող քարտուղարն Տրդատայ ագաթանգեղոս>>: Սակայն 19-րդ դարից սկսած այլևս հավաստի չեն համարում այդ գրքի առաջաբանում Ագաթանգեղոս հեղինակի մասին ասվածը: Գրվածքը դիտվում է ոչ թե 4-րդ դարի, այլ 5-րդ դարի գործ:  Օրինակ` Տրդատի խոզ դառնալը չէր կարող հիշատակել նրա հրամանով գրող հեղինակը: Կամ Ս. Գրիգորի տեսիլքի մեջ աղոտ ակնարկվում են 5-րդ դարի կրոնական հալածանքներն ու հավատուրացությունները, որոնք չէին կարող լինել 4-րդ գրվածքի մեջ:

Ագաթանգեղոսի երկում բազմաթիվ բառացի հատվածներ կան Կորյունի  <<Վարք Մաշտոց>>-ից: Սրանից որոշ բանասերներ եզրակացրել են, թե Կորյունն ու Ագաթանգեղոսը միևնույն անձինք են: Կան բանասերներ, որոնք Ագաթանգեղոսի պատմությունը դիտել են  հունարենից կատարված թարգմանություն, որն իրականացրել է Կորյունը: Այժ այս տեսակետները ընդունելի չեն: Մերժվում է նաև այն վարկածը, ըստ որի, Կորյունն օգտվել է Ագաթանգեղոսի գրքից: Այժմ հավաստի է դիտվում, որ օգտվողը Ագաթանգեղոսի խմբագրողն է, որովհետև ինչպես Մանուկ Աբեղյանն է նշում, Կորյունի գրվածքում այդ հատվածները իրենց տեղում են, միմյանց կապակցված, այնինչ Ագաթանգեղոսի մոտ դրանք միմյանց հակասող են և անկապ: Նիկողայոս Մառը հենվելով 7-րդ դարում Եզնիկ անունով մի քահանայի թարգմանած հայ կաթողիկոսների ու թագավորների ցուցակի տվյալների վրա, ուր ասված է. << Կարգք գործոցն Գրիգորի, նորոգեալ արամբ միու երանելեաւ Տարոնացվոյ, որում անուն Մեսրովբ ճանաչէր>> եզրակացնում է, որ այդ նորոգումը, այսինքն խմբագրումը կատարել է Մ. Մաշտոցը: Իսկ Մ. Աբեղյանն այն համարում է Մաշտոցի աշակերտներից մեկի ձեռքով կատարված գործ: Ագաթանգեղոսի պատմությունը հայ եկեղեցական դասի ձգտումներն արտահայտող առաջին գրական երկն է, որը գաղափարական զենք էր եկեղեցու ձեռքին օտար ազդեցության դեմ` շեշտելով նրա անկախությունը հույներից և ասորիներից: Մ. Աբեղյանի բնութագրությամբ` դրա մեջ փառաբանված է և քրիստոնեությունը, և հայոց եկեղեցին, և կաթողիկոսական աթոռն իր ժառանգական աթոռակալներով: Նույնիսկ այն, որ դրա մեջ ուժեղ կերպով գծագրված է Տրդատ թագավորի պատկերը, որն էլ ծառայում է նույն նպատակին` եկեղեցականը փառավորելուն:

Ագաթանգեղոսի պատմությունը կարևոր աղբյուր է հայ հեթանոսական կրոնի ուսումնասիրության համար: Այստեղ պատմվում է, թե ինչպես Գրիգոր Լուսավորիչը հեթանոսական տաճարները վեր էր ածում քրիստոնեականի: Պատմական արժեքի տեսակետից հատկապես կարևոր է  հայոց դարձի պատմությունը, ուր արժեքավոր են հին հայ դիցաբանության նախարարությունների, Հայաստանի տեղագրության մասին եղած նյութերը:

Ագաթանգեղոսի պատմությունն ունի նաև գրական արժեք. գունագեղ և վիպական տարրերով հարուստ է Խոսրովի և Տրդատի կերպարների նկարագրությունը, որոնց համար հեղինակը օգտվել է վիպական զրույցներից: Գեղարվեստական պատկերների գեղեցիկ նմուշ է Գրիգոր գիշերային տեսիլքը նոր տաճարների կառուցման մասին: Պատմությանը գեղարվեստական արժեք են տալիս հատկապես տրամախոսությունները, կենդանի ու աշխույժ պատկերները, ոճն ու վիպական զրույցները:

Ագաթանգեղոսի պատմության ճանաչման գործում վճռական էր նրա հունարեն թարգմանությունը. նրա միջոցով են երևան եկել այլալեզու գրեթե բոլոր խմբագրությունները: 10-րդ դարում Սիմեոն Մետափրաստեսը Ագաթանգեղոսի ամփոփ շարադրանքը մտցրել է իր կազմած հունարեն <<Վարք Սրբոց>>-ի մեջ: Ագաթանգեղոսի հունարեն խմբագրությունը և նրա մետափրաստյան տարբերակը լայնորեն տարածվել են միջնադարյան քրիստոնյա աշխարհում: Հունարեն խմբագրությունն ունեցել է նաև արաբերեն թարգմանություններ: Ագաթանգեղոսի պատմությունից մեզ են հասել հայերեն մոտ 30 ձեռագրեր, որոնցից կեսից ավելին գտնվում են Երևանի մատենադարանում: Հնագույն հայտնի ձեռագիրը Վիեննայի մատենադարանի ձեռագիրն է, որը Հակոբոս Տաշյանը համարում է 9-րդ դարի գրչագիր: Ագաթանգեղոսի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1709 թվականին Կոստանդնուպոլսում, իսկ քննական բնագիրը հրատարակվել է 1909 թ.-ին Գալուստ Տեր Մկրտչյանի և Կանայանցի ձեռքերով: Բացի միջնադարում կատարված թարգմանություններից, Ագաթանգեղոսի պատմությունը անցյալ դարում թարգմանվել է իտալերեն և ֆրանսերեն: Իտալերեն թարգմանությունը կատարել են Վենետիկի մխիթարյանները` զանց առնելով վարդապետությունը, ֆրանսերենը` Վիկտոր Լանգլուան, որը նույնպես վարդապետությունը չի թարգմանել: