• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մխիթարյանների հետագիծը գրականության ասպարեզում

18-րդ  դարի  վերջին  քառորդից,  ինչպես արևելահայ,  այնպես էլ  արևմտահայ  գրականության  առջև  ծառանում է  լեզվի  յուրացման  խնդիրը:  Գրաբարը  այլևս  հասկանալի  չէր  ժողովրդական  զանգվածներին:  Աստիճանաբար  Պոլսո  բարբառը  դառնում է  այն նախահիմքը, որի  վրա  ձևավորվում  է  ժամանակակից  հայերենի  արևմտահայ  ճյուղը:  Հարցը  միայն  լեզվի  ընտրությունը  չէր.  արևմտահայ  գրականությունը կատարում  է  ավելի դժվարին  մի  քայլ.  ամրապնդվում է  գրականության  գեղարվեստական ըմբռնումը,  այն, ինչ   հին  և  միջնադարյան  գրականության մեջ  սահմանազատված չէր պատմագրությունից, հրապարակագրությունից,  փիլիսոփայությունից  և աստվածաբանությունից:

19-րդ  դարում  արևմտահայ  գրականությունը  աստիճանաբար  ձերբազատվում  է  հին  պատկերացումներից  և մղվում  է  դեպի  գրականության  նոր  ըմբռնումը,  որը  այլ  բան  չէ,  եթե  ոչ  գեղարվեստական  առաջնայնության  նախապայմանը:  Այլևս  գրականությունը  ընկերաբանություն  չէ,  գրականությունը  սահմանազատված  է  մյուս  բոլոր  ոլորտներից: Արևմտահայ  գրականության  մեկ այլ առանձնահատկությունն էլ կապված է նյութի ընդգրկման հետ: Հին գրականության մեջ նյութը մասնավորված էր, այն ավելի շատ կրոնական շաղախ ուներ. չէր ընդգրկում մարդկային կյանքի բոլոր խնդիրները, իսկ այժմ գեղարվեստական  գրականության առաջնային պայմանը գրական-գեղարվեստական նյութերի բազմազանությունն է: Ընկերային կյանքի խնդիրները, ժողովրդի ներկան դառնում են գրականության հիմնական առանցքային հարցադրումները:

Ի տարբերություն արևելահայ զուգընթաց ձևավորման, արևմտահայ գրականությունը պահպանում է հարգանք ու երկյուղածություն հոգևոր եկեղեցական թեմաների նկատմամաբ, ավելին, հոգևորականությունը ինքը շատ դեպքերում դառնում է արևմտահայ գրականության առաջմղիչ ուժ: Այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Մկրտիչ Խրիմյանը, Գարեգին Սրվանձտյանը, այնպիսի մի դպրոց, ինչպիսին Մխիթարյաններն էին, այսօր էլ իրենց ազդեցության հետագիծն են պահում հայ գրական մթնոլորտում: Մենք խոր ակնածանքով ենք հիշատակում Ղևոնդ Ալիշանին, Արսեն Բագրատունուն և ուրիշ Մխիթարյանցիների, որոնք հանրագիտարանային մտքեր էին, տիտաններ: Մխիթարյանները, դեռևս, 18-րդ դարի արշալույսին Պոլսում հիմնեցին իրենց միությունը, որը կոչվեց հիմնադրի անունով` աբբա հայր Մխիթար Սեբաստացու պատվին: Սեբաստացին փափագում էր գիտական և կրթական համալիրների միություն ստեղծել: Առաջին քայլը կատարվեց 1701 թվականին, սակայն 1772-73 թվականներին ելնելով եվրոպական կրթության փորձը յուրացնելու ցանկությունից, ինչպես նաև նկատի ունենալով Պոլսում տիրող հետամնացության ու ազգային փոքրամասնության հանդեպ ժխտական, բացասական մոտեցումները` Սեբաստացին միաբանությունը փոխադրում է եվրոպա Վենետիկ: Սակայն Վենետիկից միաբանների մի խումբ պառակտվում են, անցնում Տրիեստե, Իտալիայի հյուսիս, իսկ կարճ ժամանակ անց այլևս և մեկընդմիշտ և առայսօր նաև Վիենա: Փաստորեն շուրջ 300 տարի Մխիթարյանները ծավալել են ազգաշահ կրթագիտական գործունեություն, որի դերը մենք կարևորում ենք հատկապես նրա սկզբնական շրջանում: Վենետկում հավաքվում է գիտական փայլուն ընտրանի: Երախտավորներից կարելի է հիշատակել Միքայել Չամչյանին, որը պատմաբան էր և երեք ստվար  հատորների հեղինակ է, ուր ընդգրկված է ողջ հայոց պատմությունը: Արսեն Այտնյանին, որը լեզվաբան էր: Գաբրիել Ավետիքյան, Մամվել Ջախջախյան, Ղուկաս Ինճիճյան: 1843 թվականից սկսած մխիթարյանները հրատարակում են <<Բազմավեպ>> կրոնա-գիտամշակութային ամսագիրը: Մխիթարյանները և Վիեննայում և Վենետիկում զարկ են տալիս թարգմանական գործին: Շուրջ մի քանի տասնյակ տարիների, լույս են տեսնում եվրոպական գրականության բոլոր երևելի գործերը հայերենով: Առ այսօր Մխիթարյան միաբանությունը շարունակում է ոչ միայն գիտական, այլև կրթական գործունեություն` աշխարհի հայաշատ քաղաքներում` Ստամբուլ, Փարիզ, Բուենոս Այրես, Լոս անջելոս և այլուր գործում են մխիթարյան վարժարաններ: Արևմտահայ իրականության մեջ, փաստորեն ստեղծվում են բոլոր նախադրյալները, որպեսզի ձևավորվի ու զարգանա ինքնուրույն գրականություն, որը որոշ իմաստով երկփեղկված է: Մի կողմից այն կապված է հայ գրականության հզոր ավանդույթին` գրաբար, հոգևոր նվիրական թեմաների հարատևություն, մյուս կողմից այն պատուհան է դեպի եվրոպական նորագույն գրականության հովերը: Կա սակայն յուրահատկություն, մի փաստ. արևմտահայ գրականությունը զարգանում է մեկուսի` կտրված արևելահայ գրականության առօրյա խնդիրներից: