• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համաշխարհային գրականության գոհարներից`<<Ֆաուստ>>

 

 

           Գյոթեն համաշխարհային գրականության մեջ առաջին հերթին հայտնի է  <<Ֆաուստ>> ստեղծագործությամբ:  Հեղինակն այն շարադրել  է  60 տարվա ընթացքում:  <<Ֆաուստ>>-ը կյանքի,  աշխարհի գոյության իմաստի փնտրտուքով տասնամյակներ զբաղված Գյոթեի մտքի ու ներաշխարհի արտահայտությունն է մի զգալի չափով: Այն շարադրված է ժողովրդական բանահյուսության հիման վրա: Մինչև Գյոթեն այն ունեցել է բազմաթիվ մշակումներ, դրանցում  Ֆաուստը  երբեմն ներկայացվել է իբրև կյանքից կտրված, կաբինետային գիտնական, երբեմն` չար  ուժերով  զբաղվող կախարդ: Գյոթեն Ֆաուստի կերպարում ընդգծում է առաջին հերթին ճանաչողության ոգին, և նրա մեջ ընդգծում հատկապես սկեպտիցիզմը` կասկած:  ֆաուստի կերպարի կողքին և նրան հակադրված կա մեֆիստոֆելի` սատանա, կերպարը,  որը  նիհիլիզմի, մերժման ոգու խորհրդանիշն  ու կրողն է: Սա մերժում է աշխարհն,  այնտեղ ոչ մի լավ բան չգտնելով` Ֆաուստը կասկածելով փնտրում է լավը:

 Իհարկե ստեղծագործությունը բավական բարդ է թե կառուցվածքով, թե խորհրդանիշներով,  և  թե գեղարվեստական պայմանականություններով: Կան բազմաթիվ հերոսներ, գործողությունները տեղի են ունենում տարբեր վայրերում, իսկ ժամանակն էլ անընդհատ փոխվում է: Ըստ գեղարվեստական պայմանականության մեֆիստոֆելը կատարում է Ֆաուստի կամքը, բայց իրականում դա գրողի ստեղծագործական երևակայության թռիչքն է, որը ընթերցողին անընդհատ տեղափոխում է ժամանակի ու տարածության մեջ` դրանք խախտելով:

 Ստեղծագործությունը  հետաքրքիր է նաև իր կառուցվածքով. կան բազմաթիվ դրվագներ,  որոնք ամբողջական, ավարտուն ստեղծագործության տպավորություն են թողնում: Իհարկե Ֆաուստի մասին ժողովրդական զրույցը չի եղել այնքան հարուստ, ինչքան որ Գյոթեի մոտ է: Ֆաուստի մտահաղացման մեջ առաջին  հերթին ակնհայտ է Աստվածաշնչի հետ ընդհանրությունները և դա հատկապես վերաբերում է Հոբի գրքին: Պետք է նկատի ունենալ, որ աշխարհի մասին նրանցից  յուրաքանչյուրն  ունի իր կենսափիլիսոփայությունը ու ամեն կերպ փորձում է դրա ճշմարտացիությունը ապացուցել: Ֆաուստը համաձայնվում է իրականացած տեսնել իր նպատակը, իսկ պայմանը հետևյալն էր. Մեֆիստոֆելը կիրագործի Ֆաուստի բոլոր ցանկությունները, սակայն  հենց  որ  Ֆաուստը  հիացմունքով   բացականչի << Կանգ առ ակընթարթ, դու հրաշալի ես>>,  այդ պահից սկսած հոգին կպատկանա  մեֆիստոֆելին: Այստեղից սկսած մնացյալն  արդեն պայքար է երկու հակառակ ուժերի միջև, որոնցից Ֆաուստի գերխնդիրը աշխարհի, մարդու երջանիկ լինելուն հասնելն է, իսկ մեֆիստոֆելինը` աշխարհի և մարդու երջանկությանն անարժան լինելն ապացուցելը:  Փորձությունների և փնտրտուքի մի հսկայական  ճանապարհ է անցնում Ֆաուստը,  ուր նա նաև սխալներ է թույլ տալիս, զղջման ու տառապանքի ապրումներ ունենում: Այդ ողջ փնտրտուքի մեջ Ֆաուստը ինքն իր համար ցանկանում էր ճշտել սկզբունքը, որով միայն ապրելով հնարավոր է երջանիկ լինել ու երջանկացնել նաև մյուսներին, որն իր համար կյանքի իմաստն է: Դա խտացված արտահայտվել է նրա մտորումներից մեկում, որը  դարձյալ ծագումով Աստվածաշնչային է. նա իր մեջ վերլուծում է << բանն է սկիզբն ամենայնի>> միտքը, ոչ թե Աստվածաշնչին ընդիմանալու,  այլ  իր  ճշմարտությանը հասնելու համար, և տարբերակների մեջ  նախընտրում  է  << գործն է սկիզբն ամենայնի>> միտքը :  Անվերջ թափառումներից հետո , երբ ծերանում է, ի վերջո  որոշում է կառուցել մի բնակավայր, որտեղ մարդ կկարողանա էերջանիկ լինել:

Մեֆիստոֆելի համար ևս հեշտ չէ Ֆաուստի հետ. սկզբից նա մի խորամանկ քայլ է անում` երիտասարդացնելով  Ֆաուստին, որպեսզի ավելի շուտ կարողանա լսել հիացած մարդու բացականչությունը:   Բայց  պարզվում է, որ երիտասարդացած ֆաուստը խիստ քմահաճ   ու շրջահայաց է. կինը, վայելքները, առօրյա մարդկային զվարճանքները նրան չեն կարող երջանկացնել: Անգամ անտիկ աշխարհով հրապուրված  Ֆաուստը` ունենալով Հեղինեին, իրեն կրկին երջանիկ չի համարում:

Հետաքրքիր է ստեղծագործության ավարտը. Ֆաուստը հասնում է իր նպատակին, իսկ մեֆիստոֆելը,  որ ահա պիտի տիրանար նրա հոգուն,  հանկարծ զրկվում է այդ երջանկությունից.  Աստծո հրեշտակները առնում տանում են Ֆաուստի հոգին: 

Ողջ տարբերություններով հանդերձ այս երկու խիստ անհամատեղելի և իրարամերժ կերպարները, ըստ էության մի ամբողջություն են, որոնք  մարմնավորում են չարն ու բարին, որոնք միշտ անբաժան են իրարից և մարդկային էության բաղադրիչներն են: Այսինքն դրամատիկական այս պոեմում կա մի կերպար, որն իր մեջ ունի չարի և բարու էությունները: Նա պետք է ընտրություն կատարի չարի և բարու, անցողիկի և հավերժականի, անձնականի և մարդկայնորեն արժեքավորի միջև: Ֆաուստի կյանքի տառապալի ողջ ուղին, ի վերջո իմաստավորվում է հենց բարին, արժեքավորը նախընտրելով: