• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընթերցումներ << Անուշ>> պոեմից

 

Կարդում է Վիկա Մարկոսյանը

 

         Խանձարուրի մեջ գտնվող հայ դասական պոեմը, շնորհիվ Հովհաննես Թումանյանի, հասակ առավ և հասավ համաշխարհային պոեմի մակարդակի: Այստեղ Թումանյանը բացահայտեց իր ողջ հանճարը, ներկայացրեց իր գեղագիտական բարձր ըմբռնումը:

Վ. Բրյուսովը Թումանյանի մասին ասում է, որ նրա պոեմներում, մասնավորապես, <<Անուշ>>-ում երևում է հայ կյանքն ամբողջությամբ, որ այն հայ կյանքի հանրագիտարան է: Այդպես Բելինսկին է արտահայտվել Պուշկինի <<Եվգենի Օնեգին>>-ի համար: Այստեղ այնքան էլ համամիտ չեմ Բրյուսովի հետ. Թումանյանի ներկայացրած կյանքը հայ գյուղն է և բանաստեղծի գեղագիտական աշխարհը, ըմբռնումը, մինչդեռ հայկական կյանքի այլ հատկանշական կողմերը Թումանյանը շրջանցել է: <<Անուշ>> պոեմը աչքի պես պարզ ու բարդ կառուցվածք ունի: Պոեմի նյութը բոլորովին էլ հայ կյանքի համակողմանի, առավելապես, սոցիալական ընդգրկումը չէ, այլ սերը: Թումանյանը մեզ ներկայացնում է արևելյան սիրո մի պատմություն` եվրոպական գեղագիտական մեկնաբանությամբ: Կարևորը ոչ այնքան սյուժեն է, դիպաշարը, որքան հեղինակի վերաբերմունքը: Այսպես բնությունը, գյուղական պարզ հարաբերությունները նպաստում են սիրո բացահայտմանը: Իր գեղագիտական մեծ աշխարհը Թումանյանը սերն է համարում: Ըստ Թումանյանի` սերը վեհացնում է մարդուն, դարձնում երջանիկ, սիրո լույսի տակ աշխարհը փոխվում է հերոսների առջև: Պոեմում շեշտվում է սիրո ազատության փիլիսոփայությունը, սակայն այդ ազատությունը ընկճում է ընկերային հարաբերությունները, սիրահարները մերժում են այդ բարքերը` փախչելով  բնաշխարհը: Բնությունը դառնում է պատսպարան, փրկարար հանգրվան: Նվիրումը, սակայն, ամբողջական է այս պոեմում. Անուշը չի հաշտվում իրեն բաժին հասած ճակատագրի հետ և հավատարիմ է սիրո վեհ խորհրդին: Նա մերժում է <<անցվոր եղբոր>>  փիլիսոփայությունը, թե  << Դու էլ գնա նոր սեր արա, էդպես է բանն աշխարհի>>:  Նա վշտից խելագարվում է և հանձնվում գիժ Դևբեդի ալիքներին, որոնք նրան պիտի տանեն սիրած յարի մոտ: Կարելի է ասել, որ պոեմի գեղագիտական ողջ ծանրությունը ընկած է համբարձման գիշերվա սքանչելի պատկերում. այս աշխարհը խիստ նեղ է մարդկային մեծ սիրո բովանդակության համար: