• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք էլ մասնակցեցինք...

Կիրակի օրը ժամը 13-ին տիար Բլեյանի և Վահրամ Թոքմաջյանի ղեկավարությամբ ուղևորվեցինք Հայաստանի հանրային հեռուստաընկերություն` «Հայոց հարց» հաղորդման նկարահանմանը ներկա  գտնվելու: Մասնակիցները ավագ դպրոց վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներն էին, իսկ հաղորդման թեման` Գրիգոր Արծրունին: Հաղորդումը վարում էր Արթուր Բախտամյանը: Բուռն քննարկում էր սկսվել հաղորդման հյուրերի միջև, որի արդյունքում բերվեցին կարևոր փաստեր, խոսվեց հայ հրապարակախոս-քննադատի կարևոր ու արդյունավետ գործունեության մասին: Հաղորդման վերջում վահանակների միջոցով կատարվեց քվեարկություն: Ներկա գտնվողների 80 %-ը կողմ էր քվեարկել նրա վարած գործունեությանը, իսկ մնացածը` դեմ:

Այժմ մի փոքրիկ մեջբերում Գրիգոր Արծրունու կյանքից:

Պատմում էին, թե Գրիգոր Արծրունու ծննդյան օրը, հայրը, որ պաշտոնաթող գեներալ էր, նայելով նրա երեսին, ասել է.

— Օ՛ դու ինձ համար փորձանք ես դառնալու:

Իրողություն է այս, թե անեկտոդ` չգիտեմ, բայց մի անգամ Արծրունին իր հոր գլխին մի փորձանք բերեց: Թիֆլիսի քաղաքային ինքնավարության ընտրություններն են: Իրավասուների մի խումբ քաղաքագլխի պաշտոնի համար թեկնածու է հայտարարել Արծրունու հորը, ի նկատի ունենալով ոչ այնքան նրա արժանավորությունները, որքան նրա գեներալային տիտղոսն ու հարստությունը: Մի ուրիշ խումբ որոշել է ընտրել վրացի Կիպիանուն, որ իրոք մի արժանավոր անձնավորություն էր և որ ապագայում շատ հալածանքներ կրեց ցարական կառավարությունից և մեռավ աքսորավայրում: Այս վերջին խմբի մեջ է լինում և Գրիգորը: Նա ասում է.

— Հայր, եթե դու քվեարկվես, գիտցիր, որ ես քեզ սև քվե եմ տալու:

— Չես համարձակվիլ, թշվառական, — գոռում է գեներալը, որ վերին աստիճանի մի կամակոր և անզուսպ մարդ է եղել:

Գրիգոր Արծրունին կատարում է իր սպառնալիքը: Ընտրությունների ժամանակ նա իր ճերմակ քվեն գցում է Կիպիանու տուփի, իսկ սև քվեն` իր հոր տուփի մեջ: Եվ այդ մի հատիկ քվեով Կիպիանին քաղաքագլուխ է ընտրվում:

Գայանե Ղարախանյան, Աիդա Գրիգորյան, 10-3 դաս.