• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խոնարհություն

 

<<Ինչպես, որ չկա ավելի մեծ չարիք, քան հպարտությունը, այդպես էլ չկա ավելի մեծ բարիք քան խոնարհությունը: Որովհետև առաջինն Աստծո ու մարդկանց առաջ ատելի է դարձնում, իսկ երկրորդը` սիրելի ու հաճելի: Առաջինը հանգիստ չտալով տառապեցնում է, իսկ երկրորդը` անվրդով խաղաղությամբ հանգստացնում>> (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի << Խրատի թանգարան>>):

Քրիստոնեության ամենից մեծ առաքինություններից  մեկը խոնարհությունն է, որովհետև այս շնորհը մարդ-Աստված փոխհարաբերության և մարդկային հարաբերությունների մեջ ներդաշնակության աղբյուր է: Խոնարհությունը ոչ թե հոգու անզորության նշան է, այլ արիության, ոչ թե մտքի հիմարության, այլ իմաստության  նշան է, և ոչ թե կամքի թյուրության, այլ ուղիղ լինելու նշան է: Որովհետև վախկոտը, հիմարն ու մոլին չեն խոնարհվի երբեք, քանզի չունեն զորություն հաղթահարելու հպարտության ու բարկության կրքերը: Ինչպես գիտենք Սուրբ Գրքից, առաջին մեղքը եղավ անհնազանդության պատճառով, և այս պարագայում խոնարհությունն առավել անհրաժեշտ է դառնում` Աստծո և մարդու միջև հաշտությունը վերականգնելու համար: Ազատ կամքի շնորհիվ մարդը փորձեց դուրս գալ Աստծո հովանավորությունից և ապրել ինքնուրույն` առանց Աստծո` իրեն հավասար դիտելով Արարչին: Մարդու անհնազանդությունը ծնվեց իր ես-ը գերագահ դարձնելու իրողությունից: Այս հարթության մեջ մարդն արհամարհեց խոնարհությունը, քանի որ այդ առաքինությունը դեմ էր ես-ի բացարձականացմանը, և այս պարագային խոնարհությունն ու հպարտությունը առճակատման մեջ են միմյանց հետ, որովհետև ամեն մեկը փորձում է մարդու հոգու ռազմադաշտում հաստատել իր ճշմարտացի լինելու հանգամանքը: Ներկա դարաշրջանում բավականին լավ է արտացոլված այս առճակատումը. մենք տեսնում ենք, որ հումանիզմը գերիշխում է մարդկության իմացաբանական հայեցակարգերում: Ինքնին առաջին հայացքից հումանիզմը մարդու բարօրության համար ստեղծված գաղափար է, բայց այդ մտահանգման ելակետերը մարդուն տանում են նույն ճանապարհով, ինչ որ Ադամն ընտրեց. ապրել առանց Աստծո օգնության, որովհետև այդ գաղափարախոսության խորքում ընկած է մարդու ինքնիրեն կատարելության հասնելու ճանապարհը, որն իր մեջ պարունակում է հպարտության քողարկված մեղքի դրույթները և Աստծո օրենքին չհնազանդվելու ակամա դրդապատճառները: Այստեղ կարելի է մի շատ պարզ օրինակ բերել. արվեստի բնագավառում և մեզ անմիջականորեն հաղորդակից հեռուստատեսային շատ հաղորդումներ և ֆիլմեր իրենց մեջ պարունակում են հումանիզմի առողջ շիվեր, սակայն այդ ամենի պտուղը վերջնականապես դառնում է այն գաղափարը, որ մարդը կարող է փրկվել առանց Աստծո, որ մարդն  ինք իրեն կարող է փրկել, քանզի շատ ֆիլմերում մենք տեսնում ենք, որ չարը միշտ էլ պարտվում է բարուց, սակայն մարդու միջոցով, բայց այս գաղափարախոսությունը ներհակ է քրիստոնեական աստվածաբանությանը, որովհետև Սուրբ Գիրքը վկայում է, որ մարդը կարող չէ ինքն իրեն փրկելու. չէ որ անմահության բանալին իր մոտ չէ, այդ դեպքում նրա դեգերումները զուր են…

Այս պատճառով է, որ հենց Ինքը` Աստված Իր Միածին որդուն ուղարկեց աշխարհ` մարդկությանը փրկելու համար, և Միածին որդին դարձավ հենց խոնարհության կատարելատիպը` ցույց տալով, որ այդ առաքինությունը ոչ թե նվաստացնում է մարդուն, այլ հաղորդակից է դարձնում Աստծուն, այսինքն` կյանքին, և մարդուն տալիս է լիովին ազատության կարողության  ուժականությունը,  որովհետև Աստծուն խոնարհ մարդն իր ունեցած ազատությունը կարողանում է օգտագործել այնպես, ինչպես իշխանավորը ազատ է ստրկության ծառայությունից, այսինք այս համեմատությունը բերվում է այն բանի նմանությամբ, որ Աստծո կամքից դուրս մարդը ենթակա է իր կրքերի գերիշխանությանը, որոնք երբեմն կապանքների մեջ են պահում մարդու ողջախոհությունը և կաշկանդում ազատությունը: Այսպիսով, խոնարհությունն ազատություն ձեռք բերելու գրավականն է: եթե մարդկային հարաբերություններում այս առաքինությունը գիտակցվում է իբրև մարդու բարօրության չափանիշ, ապա մարդիկ միմյանց հետ հաղորդակցվելիս գտնում են իրենց ազատության անկաշկանդ փոխհարաբերությունները, և մարդկային հարաբերությունները դառնում են ներդաշնակ, և այլևս կարիք չի զգացվում միմյանց նկատմամբ ստեղծելու լարվածության իրավիճակներ, որոնցից բռնկվում են ավերիչ պատերազմները: Այսպես. այստեղից կարող ենք եզրակացնել, որ խոնարհությունն իր մեջ ամփոփում է ներողամտություն, իսկ ներողամտությունը սիրո արտահայտություն է: Եթե ահաբեկչությունը ներկա դարաշրջանում չի դադարում, այլ նույնիսկ այդքան բիրտ ուժերի ճնշումներից չի մարում, դա այն պատճառով է, որ մարդիկ անտեսում են խոնարհությունը և փոխըմբռնման չեն գալիս, որովհետև ամեն մեկը փորձում է իր ինքնիշխանությունը հաստատել մեկը մյուսի նկատմամբ, սակայն այս ճանապարհը, ինչպես վկայում են պատմական փաստերը, ի վերջո հանգում է անփառունակ կործանման, ի հակադրություն այն իրողության, որ խոնարհությամբ ձեռք բերված հաղթանակը հաստատուն է, որովհետև Քրիստոսն իր իսկ կյանքով ապացուցեց այդ հանգամանքը: խոնարհությունը նույնքան հարկավոր է արժանիքներին, ինչքան ֆոնը` նկարի ֆիգուրներին. այն նրանց տալիս է ուժ ու արտահայտչականություն: (Ժան Լաբրյուեր)