• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անտառների պահպանությունը: Հոդված մեկ րոպեում

 

Շտապ գալիս եմ տուն, շտապ խմում եմ թեյս ու համոզում եղբորս, որ մի րոպեով զիջի ինձ համակարգիչը. պետք է հոդված գրեմ: Հոդված մի րոպեում, հեշտ չէ, բայց ոչ անհնար: Մանավանդ, երբ հիշողություններն ու տպավորությունները դեռ թարմ են: Եվ այսպես, ժամանակը գնաց:

1,2,3 վ…

<<Անտառի միջազգային օր>>, հանդիպման օրը` դեկտեմբերի 5, վայրը` <<Անի Պլազա>> հյուրանոց: Փաստորեն դեկտեմբերի 5-ը Անտառի միջազգային օրն է: Գիտեի՞ք այդ բանը: Բացի այդ պարզվեց, որ 2011թ-ը ՄԱԿ-ը հայտարարել է Անտառպահպանության տարի, այնպես որ այս տարի պետք է յուրահատուկ ուշադրություն դարձնել այս տոնին:

…14,15վ…

Անտառը զարմացնում է իր բազմազան գույներով: Այդպես էլ գույնզգույն էր այն ցուցահանդեսը, որով սկսվեց տոնը: Ինչե~ր ասես, որ չէին պատրաստել Երևանի և մարզերի տարբեր դպրոցների աշակերտները` մրցույթին մասնակցելու համար: Հա~, մոռացա ասել, որ այս առիթով Հայաստանի դպրոցականներն ու էկո-ակումբների անդամները մասնակցում էին մի հրաշալի մրցույթի, որի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ այսօր:

…26,27,28վ…

Արտասահմանից պատվավոր հյուրեր ունեինք, որոնք ոչ միայն հիացած էին մեր չնաշխարհիկ Հայրենիքով, այլև ոգևորված էին հայ պատանիների ստեղծագործական մտքի թռիչքով: Արտասահմանցիներին ոգևորել էր նաև <<Փրկենք Թռչկանի ջրվեժը>> ակցիան, որն իրագործել էին հայ երիտասարդները և որին մասնակցեց նաև մեր կրթահամլիրը: Ինչպես ասում են` <<И я там был, мед, пиво пил>>.

…30,31վ…

Ծրագիրը շատ հագեցած էր: Նախ խոսքը տրվեց արտերկրից ժամանած մեր պատվավոր հյուրերին, որոնք հաճույքով պատմեցին մեզ իրենց տպավորությունները, բացատրեցին` որքան կարևոր դեր են խաղում անտառները մարդկանց և առհասարակ Երկիր մոլորակի կյանքում և որքան կարևոր է էկոլոգիական-բնապահպանական կրթությունը: Հետո ելույթ ունեցան հայ պատանիները: Միանգամից երկու ներկայացում, մեկը` անգլերեն, մյուսը` հայերեն, բայց չափածո: Ընդ որում պարզվեց, որ երեխաները ոչ միայն հանդես եկան որպես դերակատարներ, այլև որպես սցենարի հեղինակներ: Ներկայացումներից հետո ցուցադրվեց <<Երևակ>> կրթահամալիրի սաների նկարահանած ֆիլմը, որը հովանավորել էր Երիտասարդական բանկը: Վերջում էլ մրցանակներ շնորհվեցին հաղթող դպրոցների աշակերտներին: Դափնեկիր աշխատանքների թվում էին նկարներ, պոստեռներ, ֆիլմ, ներկայացումներ, պատմվածքներ, շարադրություններ:

…39,40վ…

Ի՞նչ ստացանք այս միջոցառումից: Նախ և առաջ շատ բաներ սովորեցինք` ոչ միայն  օտարերկրացիների փորձից, այլև մեր հայրենակիցների և հասակակիցների աշխատանքներից: Երկրորդ, մեր արդեն փորձառու և հմտացած աչքով նկատեցինք վրիպումներ և սխալներ…  Եվ վերջինը, հասկացանք, որ ոչնչով պակաս չենք մասնակից դպրոցներից: Այնպես որ, հանգիստ կարող ենք մասնակցել` մասնակցելու և հաղթելու նպատակով: Չնայած կարևորը անհաղորդ չմնալն է:

…45,46վ…

Հյուրընկալ <<Անի Պլազան>>, իհարկե, հյուրասիրեց իր հյուրերին համեղ խորտիկներով: Այնպես որ, իսկական <<անտառային>> պիկնիկի էլ գնացինք:

…52,53վ…

Ամենակարևորը վերջում: Մեկընդմիշտ հասկացանք՝ որքան կարևոր են անտառները, որքան կարևոր է Բնությունը: Եվ ոսկե տառերով գրեցինք մեր սրտերում երեխաների ներկայացման ոսկե խոսքերը. <<Մարդի՛կ, եկեք համախմբվենք, Բնությունը մենք պահպանենք: Թե չէ հետո ուշ կլինի, Բնությունը մեզ չի ների>>:

…57,58վ…

Որպես հանդիսատես ուզում եմ շնորհակալություն հայտնել միջոցառման բոլոր կազմակերպիչներին և մրցույթի բոլոր մասնակիցներին: Իսկ որպես Երկիր մոլորակի քաղաքացի` ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մտահոգված են բնության զարդ անտառների պահպանման հիմնախնդրով:

…59վ…

Շնորհակալություն ուշադրության համար:

…60վ:

Ժամանակը վերջացավ: Ո~ւֆ: Կարծես հասցրեցի:

Արսենյան Սոնա