• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի դաս-վերապատրաստում մեծերի աշխարհում

Արդեն մի քանի օր է, ինչ մեր դպրոց-պարտեզում գնացող-եկող աղջիկների մի խումբ եմ նկատում (իսկ դա հազվադեպ է լինում, որ ես նկատեմ ոչ երկնային մի բան. սովորաբար մի քիչ ցրված եմ ու այսպես ասած <<կարևոր իրադարձությունները>> ամենավերջում, պատահական եմ իմանում` դարձյալ շատ չկարևորելով դրանք): Պարզվեց վերապատրաստումների հաճախող խումբ է` իր աշխույժ ասեկոսեներով, մի քիչ էլ կնոջը հատուկ հետաքրքրասիրությամբ լցված հայացքներով: Վերապատրաստում անցկացնելու մի դաս էլ ես ունեմ նրանց հետ. պետք է միասին տիկնիկ կարենք` տիկնիկն էլ ոչ հասարակ կար ու ձևով, այլ թափոններից հորինված`ամեն մեկը իր բնույթին ու կերպարին համապատասխան:

Է~հ, ամբողջ կյանքս ինչ հիշում եմ դրա մեջ եմ. տիկնիկ եմ կարում դեռ շատ փոքրուց: Սկզբից մի քիչ անփույթ, ոնց սրտիցս կգար, հետո ավելի կոկիկ, վաճառքի համար նախատեսված: Հետևաբար, մտածեցի, դաս անցկացնելս շատ հեշտ կլինի (փաստորեն անհանգստանում եմ, եթե մտածում եմ հեշտ անցնելու մասին): Արդեն դպրոց հասնելու ճանապարհին ինձ բռնացրի, որ կոնկրետ բառեր դեռ գլխումս չկա, պարզապես ընդհանուր տեսարանն եմ պատկերացնում. ասենք մարդը գիրք կարդալ է շատ սիրում, իր տիկնիկի աչքերի տեղում փոքրիկ գրքիկներ կդնի, ու քանի որ թափոնը գործը հեշտացնում է, իրեն բնորոշող ամեն իր կսոսնձի, իր կերպարը կստանա, կվերջանա, կգնա: Չէ~ է, հիմա ո˚վ է գիրք կարդում, համ էլ թափոնով աշխատելն այդքան էլ հեշտ բան չէ, այն ճիշտ չօգտագործելու դեպքում աշխատանքդ աղբ կդիտվի: Ուրեմն ինձ պետք են կոնկրետ բառեր, որ ճիշտ կողմնորոշեմ աղջիկներին:

Վերջին անգամ մտքիս մեջ կրկնելով անելիքս` տեսնեմ վաղուց աղջիկների դեմ-դիմացն եմ ու մի երկու թեթև անմիջական հումորից հետո անցել ենք գործի:

Դասը կարծես ստացվեց, տինիկներն էլ` շատ նման իրենց տերերին: Բայց մտքումս զգացի, որ ինչ-որ բան այն չէ, այդպես էլ ոչ իմ գլխի տիկնիկ-աշխարհը իրենցը դարձավ, ոչ էլ իրենց սարքածից իմ տիկնիկ-աշխարհին մի բան ավելացավ: Թող ասածս շատ զգացմունքային չհնչի, բայց երևի ես փոքրերի գլուխ-աշխարհի հետ միշտ մնամ: