• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

ՂՈՂԱՆՋ ՀՈՒՍՈ

Ութսունմեկ թիվ: Վաղարշապատ: Էջմիածին:
Միրգ ու փոշի: Անխիղճ արև:
Շողամրցում Մասիսների, Արագածի:
Սրբագործված հին-հին քարեր:
Եվ Մայր Արաքս: Եվ Մայր Տաճար:
Տաճարի շուրջ՝ սուրբ-սուրբ վանքեր,
Հնչող,
Շնչող,
Կանչող զանգեր...
Եվ Ճեմարան՝ մտքի կաճառ:

Ճեմարանի բակում արձակ,
Որտեղ էլ որ աչք ես ածում՝
Զարմանալի հավաքածու
Խոսվածքների, տարազների:
Ու բոլորի դեմքի վրա՝
Վա՛խ, սպասո՛ւմ, անքնությո՛ւն,
Խոսուն հետքեր երազների:

Ամեն մեկը՝ մի գավառից,
Եվ բոլորը՝ դեռ աղվամազ:
Ամեն մեկը խիտ խավարից՝
Երազում է լույսի մի մաս,
Նույնն է ուզում.
Ուսո՛ւմ, ուսո՜ւմ...

 

Եվ նրանց մեջ՝ սրան նայիր,
Հագին տարազ տաճկահայի.
Կարմիր շապիկ, կանաչ վարտիք՝
Վրան պնդած մազե գոտիկ,
Նախշուն գուլպա՝ վրան զոլեր,
Ու պոչավոր մաշված սոլեր:
Դեմքը՝ գունատ, բայց խորոտիկ,
Իսկ հայացքը՝ քելե՜ր-ցոլե՜ր...

Ամենքն՝ իրար մոտիկ-մոտիկ,
Իսկ նա՝ անվերջ մեն ու մենակ:
Թե զարնեին սրտին դանակ՝
Մի պուտ արյուն դրուրս չէր հոսի:
Ո՞նց չմնա նա մեկուսի,
Ո՞նց խառնըվի, ասի-խոսի,
Թե... հայերեն վատ է խոսում:
Բայց նա, մեկ էլ Աստված գիտի,
Թե ինքն ինչպե՜ս, ոնց է ուզում
Ուսո՛ւմ, ուսո՜ւմ:

Սակայն նրան
Ո՞վ կընդունի, այն էլ... որտե՜ղ—
Մի հոգևոր ուսումնարան,
Որի սանը մի օր պիտի
Հագնի սքեմ վարդապետի:
Իսկ նա....
Եվ նա վաղը պիտի
Երգի ի լուր և ի վճիռ
Համայն Հայոց Հայրապետի...

Ու նա սկըսեց... թուրքերեն երգել: 

Մանկական ձայնը՝ սկզբում կերկեր, 
Վայրկյաններ հետո ինքն իրեն գտավ, 
         Հունի մեջ մտավ 
         Ու գնա՛ց-գնա՛ց: 
Կաթողիկոսը մթագնեց մնաց: 
Մինչ հանկարծահաս զայրույթի ծնված 
Կրակը վառվեց ծեր աչքերի մեջ՝ 
Հենց նոր սկսվող ժպիտը հանգավ: 
         Առաջի՛ն անգամ, 
         Առաջի՜ն անգամ 
Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մեջ, 
Սրբապղծորեն թուրք երգ է մխում... 
Ա՛ստ՝ հայոց հոտի այս սուրբ փարախում, 
Հովվապետն ինքը ականջ է կախում 
Ինչ-որ մի մանկան անօրեն երգի... 
Ա՛ստ, ուր հնչել են մեղեդիք ոսկի՝ 
«Հայր մեր», «Միայն սուրբ», 
         «Արեգակն արդար», 
         «Ով զարմանսլի» 
Կամ «խորհուրդ խորին», 
Ուր զրաբարն է հնչել դարեդար 
Եվ շարականն է հուզել բոլորին,— 
Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մեջ, 
         Առաջի՛ն անգամ, 
         Առաջի՜ն անգամ 
Սրբապղծության մանանեխ ընկավ... 
Բայց Վեհափառը իր վեհ դերի մեջ՝ 
Ինչպես վայել է՝ անայլայլ մնաց:

Իսկ մանկան երգը... թա՛փ առավ գնաց: 
         Գնա՛ց-բարցրացա՛վ, 
         Եկա՜վ-ցածրացա՛վ, 
Քարեքար ընկավ, պատեպատ խփվեց, 
Եվ հետո՝ կրկին պոկվե՛ց ու գնա՜ց, 
Մի վայրկյան օդում կախ ընկավ մնաց, 
Մի անտես թելով կարծես թե կապվեց 
Եվ, մի պահ հետո հանկարծ ցած թափվեց, 
Թափվեց՝ նշենու ծաղկաթերթի պես, 
Հին վանքի ծեփի ճաքած շերտի պես... 

Բառե՛րը... եղո՛ւկ: Իսկ ձա՛յնը... զուլա՛լ. 
Այդպես լեռնային վտակն է կարող 
Քարերի վրա ծիծաղել ու լալ: 
Բառե՛րը... եղո՛ւկ: Իսկ ձա՛յնը... գերո՛ղ. 
Մերթ բողոքում է ու գանգատ անում, 
Մերթ՝ դառնում այնպես վսեմ ու բարի, 
Կարծես հինավուրց այս Մայր Տաճարի 
Երկինք խոյացած զանգակատընում 
Կախել են մի նո՛ր-անլեզվա՛կ մի զանգ՝ 
         Մի համակ հուզանք...

Թվաց՝ ամպերն են բացխուփիկ խաղում, 
Թվաց՝ երկինքն է կապույտ ծիծաղում, 
Թվաց՝ թե շոգը հանկարծ կոտըրվեց, 
Թվաց՝ թե մի հին երդում կատարվեց... 
Կաթողիկոսը մի պահ մոռացավ, 
Թե ինքը որտե՞ղ և ի՞նչ է անում, 
Ովքե՞ր են շուրջը՝ իր Վեհարանում,— 
         Եվ այդքանի մեջ, 
         Ասես քնի մեջ, 
         Նա դանդաղ ժպտաց 
         Աչքերով իր թաց: 
Հետո ժպիտը սկըսեց հալվել 
Ու հետզհետե անհետ վերացավ, 
Մինչդեռ աչքերի թացն ավելացավ 
Թացն ավելացա՛վ ու ավելացա՛վ... 

Փղծկացող Վեհը հազիվ բարբառեց. 
         — Որդյա՛կ իմ, ո՛րբ իմ... 
         Ու ձայնը մարեց: