«168 ժամ»-ի դեկտեմբերի 11-ի համարից
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայ Ազգային կոնգրեսը Սարյանի արձանի մոտ անցկացրեց փոքր հավաք: Հավաքին հետեւեց երթը:
.... Հավաքին մասնակցում էր նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նա Հայաստանի համար խայտառակություն, խարան ու ամոթ համարեց քաղբանտարկյալների առկայությունը: Նրա համոզմամբ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը չի կայացել այն պատճառով, որ մենք չենք կատարել մեր չորրորդ պարտականությունը: «Քաղաքացու վրա դրվում է օրենքները հարգելու, հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու եւ հարկերն ու տուրքերը վճարելու պարտականություն: Բայց ես վստահ եմ, որ կա չորրորդ, ավելի կարեւոր պարտականություն` դա քո եւ այլոց իրավունքների համար անընդհատ պայքարն է: Որովհետեւ, եթե դու ի սկզբանե քո եւ այլոց իրավունքների համար չես պայքարում, չի ստացվում այն հանրապետությունը, որը դու հռչակել ես: Եթե չի լինում քաղաքացու հսկողություն, չի լինում քաղաքացու իշխանություն, չի լինում քաղաքացիական հասարակություն»,- ասաց Ա.Բլեյանը:
Երեկ ընդդիմության հրավիրած երթն անցավ Մաշտոց-Ամիրյան-Նալբանդյան-Թումանյան փողոցներով եւ ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Երթն անցավ առանց միջադեպերի: