• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավարայրի ճակատամարտի 1560 ամյակն է

Հազկերտը բազմաքանակ զորք է  ուղարկում Հայոց աշխարհ: Դրա հարվածային ուժը փղերի գունդն էր: Պարսից մեծաքանակ բանակը գլխավորում էր Մուշկան Նյուսալավուրտը: Հայոց վաթսունվեց հազարանոց հեծյալ և հետևակ զորքերը սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ Արտաշատից շարժվում է Վասպուրական աշխարհի Արտազ  գավառը և բանակում  Ավարայրի դաշտում` Տղմուտ գետի ձախ ափին: Եռապատիկ ավելի զինվոր ունեցող պարսիկ բանկը ճամբար է դնում մյուս ափին: Հայոց սպարապետը հայրենաշունչ կոչով դիմում է հայոց զորքին: Ղևոնդ Երեցը և մյուս հոգևոր  հայրերը Սուրբ  պատարագի սեղան են կանգնեցնում և մկրտում մինչ այդ չմկրտվածներին: Այս արարողությունը  տևում է ամբողջ գիշեր: Առավոտյան զինվորները նաև հաղրդություն են առնում: Վարդան զորավարը հայոց զորքին հրամանատարներ է կարգում: Առաջին զորագունդը հանձնում է  Ներշապուհ Արծրունուն: Երկրորդի հրամանատարը  Խորեն  Խորխոռունին էր, երորդինը` Թաթուլ Վանանդեցին: Վարդան Մամիկոնյանը Վերցնում է  չորրորդ գնդի  հրամանատարությունը և իրեն նիզակակիցներ կարգում Արշարունիքի  տեր  Արշավիրին ու իր եղբորը` Համազասպին: 451 թ. մալիսի 26-ի  լուսաբացին  սկսվում է  Ավարայրի ճակատամարտը: Հայոց հեծելագունդը, Վարդան զորավարի գլխավորությամբ անցնելով տղմուտ գետը, շեշտակի հարվածով մխրճվում է պարսից  զորքի մեջ: Միայն որոշ ժամանակ անց թշնամին կարողանում է վերադասավորել իր ուժերն ու հարվածել  հայոց զորքի ձախ թևին: Հայոց զորավարը թշնամու շարքերում այնպիսի իրարանցում է առաջացնում, որ Մուշկան Նյուսալավուրտը հրամայում է փղերին  մտցնել ռազմի դաշտ: Կռիվը սաստկանում է: Վարդան Մամիկոնյանն ու իր զինակիցները հայտնվում են շրջապատման մեջ: Վարդան զորավարը և ութ մեծամեծ նախարարներ զոհվում են: Ճակատամարտը վերջանում է  երեկոյան: Հայոց զորքից զոհվում է 1036 զինվոր, իսկ պարսիկներից`3544 :
Հայ առաքելական եկեղեցին Ավարայրի ճակատամարտում հերոսաբար զոհվածներին դասեց  սուրբ  նահատակների շարքին: Նրանց հիշատակի օրը մտցվեց եկեղեցական տոնացույցի մեջ` Սուրբ Վարդանանց տոն անունով: Հայրենիքի և հավատքի պաշտպանության համար մղված Վարդանանց պատերազմը հայոց ազատատենչ ոգու վառ արտահայտությունն է: Ավարայրի ճակատամարտը հաղթանակ էր  ընդդեմ բռնակալության , դավանափոխության, մահվան:
«Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահութիւն» .  այսպիսի խոսքերով է պատմիչ Եղիշեն բնութագրել Վարդանանց սխրանքը: Հետագա դարերում Ավարայրի  հերոսապատումը, սրբագործված Վարդան Մամիկոնյանի անունով, ոգեշնչման և հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու գաղափարի աղբյուր դարձավ հայոց բազում սերունդների համար: