• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորյա ծիսական կերակրատեսակներ

Նունե Մովսիսյան

 

Ամանորյա տոնածիսական սեղանը բնականաբար տարբերվում էր մերօրյա տոնական սեղանից: Ավանդական Նոր տարին ուտիս օր չէ, այն պաս օր է: Եվ որքան էլ առատ լիներ սեղանը, մսեղեն կերակրատեսակները բացառվում էին: Գերապատվությունը տրվում էր հատիկեղենին` լոբի, ոսպ, քաղցրավենիքներին: Այժմ գրեթե մոռացված է հատիկեղենի նշանակությունը Նոր տարվա սեղանին: Մինչդեռ բոլորովին պատահական չէ հատիկեղենի կիրառումը: Հատիկը առհասարակ բոլոր մշակույթներում խորհրդանշում է կյանքն ու պտղաբերությունը, մահն ու վերածնունդը: Այն նման է սաղմի, այն թաղվում է հողում, խորհրդանշորեն մահանում է, ապա կրկին վերակենդանանում` ծիլ տալիս: Հատիկեղենը կամ դրանից պատրաստված կերակուրները առկա են բոլոր տոմարային տոների ծիսաշարում` հարիսան` Նավասարդին, Բարեկենդանին և Ս. Ծննդին` որպես ծիսական կարևորագույն ուտեստ, ձավարով պատրաստված կաթնապուրը` Ծաղկազարդին:
Տարեհաց
Թխվում էր թարմ հաց, նույնիսկ եթե տանը կար բավականաչափ հաց: Հացը հայերի մոտ պաշտվել է: Կովկասյան մի շարք ժողովուրդներ (աբազներ, աբխազներ) հաց ասվածը, որպես այդպիսին չունեն: Հացին փոխարինում է обыста կոչվող դոնդողանման զանգվածը: Հավանաբար այստեղից էլ паста բառը:
Նոր տարվա կարևորագույն ուտեստն էր տարի հացը, տարեհացը, որը ևս խորհրդանշական հիմք ունի: Տարեհացի մեջ դրվում էր «դովլաթը»` գուշակության դրամը: Տարեհացը զարդարում էին ամենատարբեր սիմվոլներով` հիմնականում տիեզերական, բաժանում էին 12 մասի:
Բաղադրատոմս
Մածուն 1լ, մարգարին կամ կարագ 250 գր., շաքարավազ 1 ճաշի գդալ, սոդա 1 թեյի գդալ, ձու 5 հատ, թթվասեր 500 գր., կանեփ 1 բաժակ, ալյուր այնքան, ինչքան կվերցնի խմորը:
Մածունը, թթվասերը և կարագը խառնել իրար, հարել, քիչ-քիչ ավելացնել ձուն և շաքարավազը: Ավելացնել սոդա և մի փոքր կանեփ, ապա այնքան ալյուր, որ ստացվի շատ պինդ, ոչ շատ թույլ խմոր:
Խմորի երեսին քսել կանեփով համեմված ձվի դեղնուց և դնել ջեռոցը:
Մարդակերպ գաթաներ
Ամանորի տոնածիսական համալիրի մեջ կարևորագույն տեղ են զբաղեցրել ասիլիկ-վասիլիկները կամ ուղղակի վասիլները, երբեմն` բասիլները: Սրանք մարդակերպ փոքրիկ գաթաներ էին, կարող էին ունենալ նաև առարկաների ու կենդանիների տեսք` եզների, քսակի, կովի: Վասիլիկները թխվում էին թոնիրներում և ըստ նրանց ուռչելու, փքվելու աստիճանի որոշում էին, թե ինչ է լինելու հաջորդ տարում: Օր. տան երիտասարդ հարսի կերպարանքով վասիլիկ էին պատրաստում, եթե թխվելիս այն փքվում էր, հավատում էին, որ տանը երեխա կծնվի:
Բաղադրատոմս
1 կգ ալյուր, ջուր այնքան, ինչքան կվերցնի, աղ: Հունցել խմորը, թողնել 20 րոպե հանգստանալու և հասունանալու: Հացիկները ձևավորել մարդու տեսքով` աչքերի և բերանի տեղերում, կրծքին դրած ձեռքերի վրա չամիչ խրելով:
Հարիսա
Ս.Ծննդի ծիսական հարիսայի հետ պիտի հաղորդակցվեին տան բոլոր անդամները, ընդհուպ մինչև նորածինները: Տանտիկինը հարիսայի յուղից քսում էր նորածնի շուրթերին` որպես պարտադիր հաղորդակցություն սրբազան ուտեստի հետ: Ընդ որում` հոգեպես անմաքուր, մեղավոր մարդն իրավունք չուներ ուտելու հարիսան:
Բաղադրատոմս
Հավ `1 կգ, ձավար 1կգ, աղ 30 գր., կարագ` 400 գր.:
Հավը ոսկրազատելուց հետո ոսկորներից ստանալ արգանակ: Արգանակի մեջ լցնել ձավարը և հավի փափկամիսը: Եփել թույլ կրակի վրա`անընդհատ խառնելով մինչև միսն ու ձավարը լուծվեն իրար: Ավելացնել աղ, կարագ կամ յուղ: Ցանկալի է մատուցել հալած յուղով:
Մայրամաճաշ
Երբ գնում էին շնորհավորելու, անպայման  հետները  տանում էին անուշապուր կամ այլ անունով մայրամապուր: Իհարկե, անունը կապ ունի Աստվածածնի հետ:
Բաղադրատոմս
Սոխ` 200 գր., սիսեռ` 300գր., չորացրած սմբուկ` 300 գր., լոլիկ` 300 գր., պղպեղ` 200 գր., լոբի չորացրած 200 գր., կարագ 100 գր., աղ` 30 գր., չորացրած կանաչի` 20 գր., կարտոֆիլ` 400 գր., տոմատի մածուկ ` 50 գր.:
Սոխը մանր կտրտելուց հետո սոխառած անել տոմատի մածուկով, ավելացնելով կարմիր աղացած պղպեղ: Նախօրոք թրջած բանջարեղենը ջրքամել, սիսեռը խաշել: Եփվող սիսեռի վրա ավելացնել կարտոֆիլ, բանջարեղեն: Եփել մոտ 15-20 րոպե: Վերջում ավելացնել սոխառածը, կանաչի, ցանկալի է համեմ և ռեհան:
Մայրամապուր
Բաղադրատոմս
Ծեծած կորկոտ 50գր., չամիչ 20 գր., ծիրանի չիր 20գր., սալորի չիր 25 գր., դոշաբ 35 գր.: Պատրաստման եղանակը` ծեծած կորկոտը, չամիչը, չոր ծիրանն ու սալորը միասին եփվում են: Եփելուց հետո դոշաբ են լցնում:
 
Աղբյուր`  «Հայկական խոհանոց», www. Գիտելիք. am