2015 թվականը Ձեր կյանքում. ի՞նչ ձեռքբերումներ ու հաջողություններ ունեցաք անցած տարում Ձեր աշխատանքային գործունեության մեջ ու նաև անձնական կյանքում:
Սկզբից մի փոքր դժվար է թվում մտքերը հավաքել ու պատմել, հիշել նախորդ տարվա արած-չարածի մասին: Սկսեմ նրանից, որ արդեն մեծ ձեռքբերում է այն, որ աշխատում եմ այս կրթահամալիրում և դարձել եմ այս մեծ ընտանիքի անդամը, որտեղ օրերը, շաբաթները, ամիսներն ու տարիները այնքան արագ և հետաքրքիր են անցնում, որ հիմա մի փոքր դժվարանում եմ առանձնացնել 2015 թվականը:
2015-ը ինձ համար պատասխանատվության տարի էր, այնպես չէ, որ անցած նախորդ տարիներին պատասխանատվությունը քիչ էր, պարզապես 2015-ի ընթացքում լինել Դիջիթեքի պատասխանատու, Թարգմանական ստուգատեսի պատասխանատու, արդեն մի առաքինություն է , որ պետք է պատշաճ կերպով կարատես, իսկ ես, չափից դուրս անհանգիստ մարդ լինելով, սկզբից մի քիչ լարվեցի, բայց, կարծում եմ, պատվով հաղթահարեցի. արձագանքներն ավելի քան ոգևորող էին:
2015-ին շատ եմ ճամփորդել և՛սովորողների, և՛դասավանդողների հետ: Եղել եմ Սևանում, Ծաղկաձորում, նվաճել Արա լեռան և Թեղենիսի բարձունքները, անմոռաց ճամփորդություն իրականացրել դեպի Բջնի, Բջնիի բերդից դիտել մեր առջև փռվող հրաշալի տեսարանը: Ափսոսում եմ միայն, որ այս տարի չկարողացա լինել Արևմտյան Հայաստանում, հուսամ, որ երեխաներս կմեծանան ու միասին կճամփորդենք: Իսկ ամառային արձակուրդների օրերին ընտանիքիս հետ եղանք մեր հարևան Վրաստանում:
2015 ուստարին ինձ համար բեկումնային էր: Ես ամբողջությամբ տեղափոխվեցի Ավագ դպրոց վարժարան: Այստեղ էլ, ինչպես Գեղարվեստի դպրոցում, հաճույքով և խանդավառությամբ եմ աշխատում:
Երբ ետ եմ նայում, տեսնում եմ, որ շատ բան եմ սովորել, տեսնում եմ, որ որակական նկատելի աճ եմ ունեցել, ուրախացել և ոգևորվել եմ կրթահամալիրի հաջողություններով:
Ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու 2016 թվականին, Ձեր ցանկություններն ու ակնկալիքները Նոր տարում:
2016-ին կաշխատեմ նույն ոգևորությամբ և պատրստակամությամբ: Կարծում եմ, որ կներկայանամ նոր գաղափարներով ու հետաքրքիր նախագծերով:Արդյունավետ ու նվաճումներով լի տարի եմ ցանկանում բոլորիս: Թող բոլորիս ընտանիքներում թևածի ուրախությունն ու ծիծաղը, թող լինի առողջության և հաջողություններով լի տարի:
Հարցազրույցը վարեցին Դավիթ Մուրադյանը և Ստելլա Բարեղամյանը, Ավագ դպրոց, 12-րդ դասարան