• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորյա հարցազրույց Իրինա Ապոյանի հետ

2015  թվականը Ձեր կյանքում. ի՞նչ ձեռքբերումներ ու հաջողություններ ունեցաք անցած տարում Ձեր աշխատանքային գործունեության մեջ ու նաև անձնական  կյանքում:

Սկզբից մի փոքր  դժվար է թվում մտքերը հավաքել ու  պատմել, հիշել  նախորդ  տարվա արած-չարածի մասին: Սկսեմ նրանից, որ արդեն մեծ ձեռքբերում  է այն, որ   աշխատում եմ  այս կրթահամալիրում  և դարձել եմ  այս մեծ  ընտանիքի անդամը, որտեղ  օրերը, շաբաթները, ամիսներն ու տարիները այնքան  արագ և  հետաքրքիր են անցնում, որ  հիմա մի փոքր դժվարանում եմ առանձնացնել 2015 թվականը: 

2015-ը ինձ  համար  պատասխանատվության տարի էր, այնպես չէ, որ  անցած  նախորդ տարիներին պատասխանատվությունը քիչ էր, պարզապես   2015-ի ընթացքում լինել Դիջիթեքի պատասխանատու, Թարգմանական ստուգատեսի  պատասխանատու,  արդեն  մի առաքինություն է , որ  պետք է պատշաճ կերպով կարատես, իսկ ես, չափից դուրս  անհանգիստ  մարդ լինելով,  սկզբից մի քիչ լարվեցի, բայց, կարծում եմ,  պատվով  հաղթահարեցի.  արձագանքներն ավելի քան ոգևորող էին:

2015-ին շատ եմ ճամփորդել  և՛սովորողների, և՛դասավանդողների հետ: Եղել եմ Սևանում, Ծաղկաձորում,  նվաճել Արա  լեռան և Թեղենիսի բարձունքները,  անմոռաց ճամփորդություն իրականացրել դեպի  Բջնի, Բջնիի բերդից  դիտել մեր առջև փռվող հրաշալի տեսարանը:  Ափսոսում եմ միայն, որ  այս տարի չկարողացա լինել Արևմտյան Հայաստանում, հուսամ,  որ երեխաներս  կմեծանան ու միասին կճամփորդենք: Իսկ ամառային արձակուրդների  օրերին  ընտանիքիս հետ  եղանք մեր հարևան Վրաստանում:

2015 ուստարին ինձ համար  բեկումնային էր: Ես  ամբողջությամբ տեղափոխվեցի Ավագ դպրոց վարժարան: Այստեղ էլ,  ինչպես Գեղարվեստի դպրոցում,  հաճույքով և խանդավառությամբ եմ աշխատում:

Երբ ետ եմ նայում, տեսնում եմ, որ շատ բան եմ սովորել, տեսնում եմ, որ որակական նկատելի աճ եմ ունեցել, ուրախացել և  ոգևորվել եմ կրթահամալիրի  հաջողություններով:

Ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու 2016  թվականին,  Ձեր  ցանկություններն ու ակնկալիքները Նոր տարում:

2016-ին կաշխատեմ նույն ոգևորությամբ և  պատրստակամությամբ: Կարծում եմ, որ  կներկայանամ նոր գաղափարներով ու հետաքրքիր նախագծերով:Արդյունավետ  ու նվաճումներով լի  տարի  եմ ցանկանում  բոլորիս:  Թող  բոլորիս  ընտանիքներում թևածի  ուրախությունն ու  ծիծաղը, թող  լինի  առողջության և  հաջողություններով լի տարի:

Հարցազրույցը վարեցին Դավիթ Մուրադյանը և Ստելլա Բարեղամյանը, Ավագ դպրոց, 12-րդ դասարան