• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Զատիկ, բայց այս անգամ ոչ թե տոն, այլ կղզի

 

Այո, այո, կարող է զարմանալի թվալ, բայց կղզին հենց այդպես էլ կոչվում է: Դեռեւս, 50-ականների վերջին աշխարհագրական առումով կղզին եզակի էր այն բանով, որ ամենահեռավոր ու կտրված բնակելի «կետն» է աշխարհում: Այսպես, օրինակ, Չիլիի աշխարհամասային ափեզերքից նրա հեռավորությունը կազմում է ավելի քան երեք հազար յոթ հարյուր կիլոմետր: «Արմենիա» նավը եւս մտել է Հանգա-Ռոա ծովախորշ: Դա Զատկի կղզու միակ քաղաքն է եւ մայրաքաղաքը: Սակայն պաշտոնապես կոչվում է Վալպառաիսոյի մարզի գավառ: Օրենքի համաձայն գավառապետ կարող է լինել միայն տեղացի բնակիչ, եւ ուրիշ ոչ ոք: Առայժմ ճշգրիտ չգիտեն, թե որքան մարդ է այնտեղ բնակվում: Մի աղբյուրում նշվում է երկու հազար, մեկ ուրիշում՝ երեք հազար յոթ հարյուր մարդ: Այն հայտնագործել է հոլանդացի ծովագնաց Յակոբ Ռոգգեւենը, 1722 թվականին: Դատելով կղզու անվանումից՝ կարելի է որոշել եւ ճշգրիտ օրը՝ Զատկի կիրակին: Ցանկության դեպքում կարելի է իմանալ ամսաթիվը: Բայց Զատկի կղզու հայտնագործման ամսաթիվը դեռ հայտնի չէ: Բնիկներն իրենց կղզին կոչում են Ռապա-Նուի, որն աշխարհին հայտնի է՝ շնորհիվ իր հռչակավոր մոամիների՝ հրաբխային քարացած մոխրից քանդակված արձանների: Ավանդության համաձայն այստեղ եղել են թագավորներ եւ նրանք են կառավարել: Իսկ առաջին թագավորին կոչել են Հոտու-Մատուա: Քարարձանների, կուռքերի մեջ, ըստ հավատալիքների, ամփոփված է առաջին թագավորի նախնիների գերբնական ուժը: Զատկի կղզու վարչատարածքում ներառված են Սալա-ի-Գոմես անմարդաբնակ կղզիները: Հատկանշական է, որ 1984 թվականին առաջին գավառապետը դարձավ տեղացի բնակիչ Սերխիո Ռապու Հաոան, որը հնագետ էր եւ թանգարանային պահապան:

Երկու խոսք նաեւ քաղաքապետարանի մասին: Ո՜ւր էր, թե մեզ մոտ էլ այդպես լիներ: Յուրաքանչյուր չորս տարին մեկ ընտրվում է վեց հոգուց կազմված խորհուրդ՝ քաղաքապետի գլխավորությամբ: Ահա եւ ձեզ Հանգա Ռոա քաղաքի ողջ իշխանությունը: