• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծաղկաձորյան մտորումներ

Հրավիրում եմ բանավեճի
Նունե Մովսիսյան

 Մի կողմ թողնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները, առկա խնդիրներն ու հասարակական-քաղաքական վերլուծությունները, ուզում եմ բարձրաձայն մտորել հարցերի շուրջ, որոնք համառորեն պտտվում են գլխումս` հանգիստ չտալով ինձ: Արդյո՞ք մենք` հայերս, պատրաստ ենք այդ հարաբերություններին, արդյո՞ք մեր մեջ կամքի ուժ կգտնենք  հաղթահարելու հայերիս բնորոշ այնպիսի հատկանիշներ, որոնք մշտապես խանգարելու են հարաբերվել միմյանց և այլազգիների, տվյալ դեպքում` եվրոպացիների հետ: Արդյոք կկարողանա՞նք մեր մեջ դաստիարակել հարգանք ազատասիրության, այլակարծության հանդեպ, կկարողանա՞նք լինել հարդուրժող մեկս մյուսի նկատմամբ, կկարողանա՞նք Հրատ Մաթևոսյանի մատնանշած խեղճությունը, խեղճի հոգեբանությունը  հաղթահարել մեր մեջ, կկարողանա՞նք հարգանք սերմանել մեր պետության նկատմամբ, այն պետության, որն առ այսօր, ցավոք սրտի,  չի կարողանում ապահովել իր քաղաքացիների տարրական իրավունքները` երազանք թողնելով իմ հայրենակիցների  արժանապատիվ ապրելու ցանկությունը և հակառակը, կկարողանա՞ պետությունը մեզ` հասարակության անդամներին, հարգանք ներշնչել իր հանդեպ: Չէ՞ որ ամեն մեկն արժանի է իր նկատմամբ ունեցած վերաբերմունքին, տվյալ դեպքում` մենք պետությանը, պետությունը` մեզ:

Եվ, քանի դեռ անբարյացկամ վերաբերմունք կունենանք ինքներս մեզ, մեր պետության, մեր քաղաքի, մեր գյուղի, մեր հուշարձանի նկատմամբ, անտարակույս, ոչնչի էլ չենք հասնի: Էլ ինչո՞ւ ենք զայրանում, աղմուկ-աղաղակ բարձրացնում, երբ այլք նման կերպ են վերաբերում մեզ, մեր հուշարձանին: Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով, ումից ինչ ենք պահանջում: Բավական է ուրիշից պահանջենք այն, ինչը մենք ինքներս պիտի անենք, պարտավոր ենք անել, այլապես դատապարտված ենք բոլոր ժամանակների նույն սխալներն անընդհատ ու շարունակաբար կրկնել` անընդհատ ու շարունակաբար դժգոհելով ու բողոքելով: