• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոցի սիրելի տղաներին

Դոցենտ` Արմեն Հակոբյան

Ժամանակը արագ է թռչում, և հեռու չէ այն օրը, երբ շրջանավարտները կզորակոչվեն բանակ, որպեսզի կատարեն իրենց պարտքը` հայրենիքի պաշտպանությունը: Ավագ դպրոցի սիրելի տղաներ,արդյո՞ք դուք պատրաստ եք դրան: Բերեմ որոշ տվյալներ` հետևությունը թողնելով ձեզ:
Այսօր աշխարհի տարբեր երկրներում անցկացվող ուսումնասիրությունները վկայում են, որ շարժողական ակտիվության նվազման հետևանքով երիտասարդների ֆիզիկական պատրաստության մակարդակը անմխիթար վիճակում է:
Այսպես, օրինակ` թուրքերի 16 %-ը, ամերիկացիների 26%-ը, ֆրանսիացիների 42%-ը, ադրբեջանցիների 50%-ը բանակում ծառայելու համար պիտանի չէ: Ռուսաստանի, Բելոռուսիայի, Ուկրաինայի զինակոչիկների գերակշիռ մասը չեն ցանկանում բանակում ծառայել ֆիզիկապես թույլ լինելու պատճառով, քանի որ առաջին հերթին կդառնան «դեդովշչինայի» նվաստացման զոհ:
Ավելի լավ վիճակում չեն նաև Հայաստանի նախազինակոչային տարիքի դպրոցականների ֆիզիկական զարգացման և շարժողական պատրաստվածության ցուցանիշները: Երիտասարդ տղաների 75%-ը չի կարողանում պտտաձողի վրա մինչև վերջ գոնե մեկ անգամ ձգվել: Յուրաքանչյուր տասներորդ սովորող չի կարողանում ավարտել մեկ կիլոմետր տարածության վազքը: Բանակում ծառայել չցանկացող սովորողների մեծ մասը` 53-58 %-ը, մեկ տարվա ընթացքում հիվանդանում է 5-10 անգամ:
Այս ամենը, իհարկե, շատ մտահոգիչ է. հարց է առաջանում` անլուրջ վերաբերմունք ցուցաբերելով ֆիզկուլտուրայի դասերի նկատմամբ, ցանկություն չունենալով զբաղվել որևէ սպորտաձևով, դուք ինչպե ՞ս եք պատրաստվում ծառայել բանակում: Չէ ՞ որ ֆիզկուլտուրան և սպորտը այն միջոցներն են, որոնց շնորհիվ դուք կդառնաք առողջ, ուժեղ և համարձակ: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է հուզեն ոչ միայն նախազինակոչային տարիքի տղաներին, այլև նրանց ծնողներին: