• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անձրևը չխանգարեց

 Մայր դպրոց-Գեղարվեստ ճանապարհն այն~քան լավն է, հարմար. առանց տրանսպորտի 5 րոպեի ընթացքում մեզ հնարավորություն է տալիս հասնել կրթահամալիրի մի օղակից մյուսը:

    Մայր դպրոց-Գեղարվեստ ճանապարհն այն~քան… վատն է. կրկին անմխիթար վիճակում գտնվող աստիճաններ, աղբի «տեսականի»` փնթի, տգեղ, տհաճ: Վտանգավոր դրություն. ցավոք, ափսոս, ամոթ…

    Ամեն օր վերուվար ենք անում, ամեն օր ափսոսանք էինք ապրում, բայց չհասցրինք ինքներս ոտքի կանգնել, տիարը մեզ հուշեց…

    Նախօրոք պլանավորել էինք, պատրաստվել /պարկեր, տոպրակներ/, ժամադրվել /տասներորդցիների, տասնմեկերորդցիների, ընկեր Գրիգորի հետ/, բայց… եղանակը միջամտեց…

    Հետո, ապրի անձրևը, դադարեց մինչև մեր պայմանավորվածության ժամը, գործի անցանք: Սարսափելի բարկացանք, բողոքեցինք, տրտնջացինք, զզվեցինք, զարմացանք ու… մաքրեցինք:

    Ընթացքում անցորդներից շատերը կանգ առան, մեր ձեռնարկած քայլը խրախուսեցին: Մի տատիկ էլ, թոռնիկի ձեռքը բռնած, խնդրեց աստիճանները վերանորոգելու ծրագիր ձեռնարկել` մեզ, ասես, շատ կարող ուժ համարելով: Պատմեցինք, որ այդ հարցն ինքներս էլ կարևորում ենք և խնդրանքով դիմել ենք քաղաքապետին, սպասում ենք պատասխանի: Ի դեպ, ստացել ենք ծանուցում, որի համաձայն մեր դիմումը գրանցվել է Երևանի քաղաքապետի գրասենյակում հունվարի 21-ին: Խոստացել են 30 օրվա ընթացքում տալ պատասխան: Այսինքն` ժամանակն անցել է: Մենք երկուշաբթի օրը կհիշեցնենք մեր գոյությունը: