• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այն, ինչ արյան հետ է փոխանցվել

Տեառնընդառաջը կամ Տրնդեզը մեր սիրելի տոներից էր: Չգիտեմ, գուցե հեթանոս արյան կանչն էր մեզ ստիպում այդ աստիճան ոգևորությամբ սպասել մինչև ժամը հինգը ու անընդհատ հարցախեղդ անել մեր տատիկներին, թե երբ են վերջապես վառելու կրակը:

Իսկ մեր շենքի տատիներն էլ, ովքեր բավականաչափ համբերություն ունեին մեր նույնատիպ ու նույնաբովանդակ հարցերին անընդհատ պատասխանելու, անպայման ժպտալով ասում էին, որ դեռ ժամը չի, իսկ ժամից շուտ չի կարելի կրակը վառել: Անկեղծ եմ ասում` դա էլ ավելի մեծ խորհրդավորություն էր տալիս Տրնդեզի կրակին, ու դրա վրայից թռչելը դարձնում էլ ավելի ու առանձնակի կարևոր բան, ինչն անպայման մենք պետք է տարին մեկ անգամ անեինք մեր կյանքում: Մեր հայրիկներից մեկնումեկը, անպայման վարակվելով մեր ոգևորությունից ու տատիկների խանդավառ ավանդապաշտությունից, ինչ-որ տեղից հարդ էր գտնում, որովհետև Տրնդեզին պետք է հարդ վառել: Ու վերջապես մեր աղմուկ-աղաղակի ներքո ժամը հինգի կողմերը տատիներն իրար խորհուրդ տալով, փորձելով մեկը մյուսից ավելի գիտակ երևալ Տրնդեզի կրակը վառելու հարցում, վերջապես վառում էին բաղձալի կրակը: Ու.... սկսվում էր, համարձակներն ավելի բարձր կրակի վրայով էին թռչում, մի քիչ երկչոտներն սպասում էին` կրակը հանդարտվի, իսկ տատիները ծխացող մոխրի վրայով էին թռչում, բայց անպայման թռչում էին, որովհետև հավատում էին, որ կրակն իր հետ տանելու է <<չոռն ու ցավը>>, հիվանդություններն ու վատ-վատ բաները: Նրանք այնքան խորն էին հավատում, որ մեզ էլ էին ներշնչել այդ խորը հավատով: Ու մենք համոզված էինք, որ կրակի վրայով ցատկելուց հետո էլ չենք հիվանդանա ու մեր, մեր հայրիկների ու մայրիկների, մեր քույրիկների ու եղբայրների, մեր տատիկների ու պապիկների հետ ոչ մի վատ բան չի կարող պատահել: Իսկապես հավատում էինք: Իսկ իմ Արուս տատին, ով Նոյեմբերյանում էր ծնվել ու ապրել ու շենքի տատիներից տարիքով ամենամեծն էր ու իմաստունը, ում բոլորը Բաբո էին ասում, իմ Բաբոն, երբ կրակը հանգչում էր, մի փայտի օգնությամբ հավաքում էր մոխիրներն ու վրան աղանձ շաղ տալով` շշնջում` թող առատ տարի լինի, պատերազմ- կռիվ չլինի, հողն էլ էս կրակից ջերմանա... Ու հիմա հիշում եմ, հիշում եմ ամեն բան, բոլորին, բոլոր տատիներին, որ էլ չկան, ու քեզ, իմ սիրելի Բաբո, ու շշնջում եմ քո խոսքերը` թող... թող... թող...

Լուսինե Մանուկյան

Գեղարվեստի դպրոց