• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Digilib.am. թվանշանային հեղափոխություն

Թեև մեզանում այսօր շատ գրադարաններ դեռ շարունակում են խորհրդային ավանդույթներով աշխատել` մաշված գրացուցակներ, նույնքան մաշված, խորհրդային տարիներից մնացած ֆոնդային ժառանգությամբ` տարիներով նոր գրականությունից զրկված, այնուամենայնիվ, պետք է նկատել, որ դեռ 1990-ականների սկզբներին` անկախությունից հետո, սկսեցին մտածել գրադարանային գործընթացների ավտոմատացման ծրագրերի իրականացման շուրջ:

Աշխատանքներ, անշուշտ, տարվել են, տարվում են նաև այսօր, բայց այսօր էլ, ինչպես մյուս ոլորտներում, այս մեկում էլ անելիքներ շատ ունենք: Այսօր դեռ շատ գրադարաններ չունեն էլեկտրոնային քարտարաններ, հատուկենտ գրադարաններ են թվայնացման (ԳԱԱ գրադարան, ի դեպ` նաև Մատենադարան, 2010-ի դեկտեմբերից թվայնացման կենտրոն է բացվել նաև Հայաստանի ազգային գրադարանում) գործընթացում:

Եվ որքան էլ աշխարհում խոսվի այն մասին, որ գիրքն իր ֆիզիկական ձևը գուցե կսպառի մինչև 2020 թվականը, պարզ է, որ համենայնդեպս ոչ մեր իրականության համար: Մյուս կողմից` զարմանալիորեն մի շարք գրադարաններ իրենց կայքէջերն են ստեղծում, հայտնվում Facebook սոցիալական ցանցում (Լոռու, Արմավիրի, Սյունիքի մարզային գրադարան, Հանրապետական գիտաբժշկական գրադարան, Արագածոտնի մարզային գրադարան, Չարենցավանի քաղաքային գրադարան, ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան):

Այս ամենի կողքին հունվարի 26-ին պաշտոնապես բացվեց և ոլորտում հեղափոխություն իրականացրեց թվանշային գրադարանի կայքը` www.digilib.am-ը (հայ մատենագրության թվանշային գրադարանը ստեղծվել է 1999թ.-ին), որտեղ այս պահի դրությամբ արդեն կարելի է ընթերցել 625 հեղինակի մոտ 2000 անուն գրավոր աշխատանք, սփյուռքի գրականություն, ինչպես նաև հայ միջնադարյան գրականություն և այլն:

Այն իրականացրել են Թվանշային գրադարանի գիտական ղեկավար Մերուժան Կարապետյանը և տեխնիկական ղեկավար Հովհաննես Կիզողյանը:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նախ կայքը կյանքի կոչողներին ասում է բռավո, հետո ավելացնում, որ այլևս չսովորելու, չհետազոտելու «մահանա», ըստ որի` փնտրած գիրքը չկա, անհրաժեշտ գրականությունը չկա, ժամանակ չկա, չի լինի, քանի որ կատարված հսկայական աշխատանքի շնորհիվ ոչ միայն դրա գտնելն են մոտեցրել, այլև հեշտացրել են, գործիք են տվել հետազոտողի ձեռքը իր աշխատանքը արագ և արդյունավետ իրականացնելու համար:

«Մենք անընդհատ ասում ենք` Մաշտոցի շրջանում ունեցել ենք նվիրյալներ, բայց դա, համաձայնեք, մի տեսակ պատմություն է: Մեր մշակույթի, կրթության տպագիր շրջանը, որի հինգհարյուրամյակն ենք նշելու 2012 թվականին, նույնպես ունեցել է իր նվիրյալները, իսկ մեր մշակույթի արդեն մեդիագրի շրջանը (արդեն 25 տարի) կարոտ էր նման նվիրյալների:

Թվում էր` այս աղմուկի, քաոսի, փախեփախի, արտագաղթի մեջ չկան նրանք, թվում էր` չկա ճգնավոր կյանքին նվիրաբերություն, և մեկ էլ մեր աչքի առաջ Հովհաննեսին և Մերուժանին հանկարծ հաջողվում է այս քաղաքի կենտրոնում, այս աղմուկի մեջ կտրվել այս ժխորից, շփոթից, մեկուսանալ, ճգնավոր կյանքի հանձնվել և նման բան ստեղծել, այսպես քսան տարի քեզ զրկես աշխարհիկ կյանքից և տաս հոգևոր մտավոր գործունեությանը և արդյունքում ստեղծես ամենաժամանակակից գործիք թվային գրադարանը, այն էլ` այդքան ամբողջական արված:

Մերուժանը, Հովիկը մեր ժամանակի հերոսներն են, նրանք կարող են և պիտի օրինակելի լինեն»,- ասում է Աշոտ Բլեյանը` ավելացնելով, որ մենք շնորհակալություն պետք է հայտնենք ոչ թե արված գործին, այլ գործիչներին:

Սիրանույշ Պապյան

«Ժամանակ» օրաթերթ