• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լիլիթ Բլեյան. Անհամբեր, ինչպես սպասող գնացքներ

Հարցազրույց «Երկիր» օրաթերթի 15.01.11թ. համարում:

Հարցազրույցը՝ Ռուզան Խաչատրյանի

99-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի նիստերի դահլիճի նստարանների հետեւում գետնին պառկած լրագրողների մեջ Լիլիթն ամենաերիտասարդն էր. համարյա երեխա: Լուռ տարավ սարսափը, դեմքին գույն չէր մնացել, բայց ծպտուն չէր հանում: Երբ բաց թողեցին լրագրողներին, շենքից դուրս եկավ՝ գրադարանի հեռախոսից կատարվածի մասին հաղորդելուց հետո միայն:

Իսկ մենք հետագայում Աննա Իսրայելյանի հետ միշտ հիշում էինք՝ այդքան պուճուր ու այդքան հավասարակշիռ... Երկրորդ անգամ Լիլիթը զարմացրեց անցնող տարվա վերջին, երբ Youtube-ում տեղադրվեց նրա «Ինչպես սպասող գնացքներ» երգը, որի խոսքի եւ երաժշտության հեղինակն է, ինքն էլ կատարում է:

- Այսքան տարվա լրագրող ես, բայց երեւի դա քեզ այնքան մեծ ճանաչում չի բերել, քան ընդամենը մեկ երգը...
- Շատ էի լսել, որ մի երգը Youtube-ում կարող է փոխել մարդու կյանքը, բայց իմ կյանքն առայժմ շատ չի փոխվել: Տրամադրությունս է փոխվել՝ այնքան դրական արձագանքներ եմ ստացել: Այդ երգն էլ պատահական չի ստացվել, ես խոսելու հետ եմ սկսել երգել... Այո, յոթ տարի ջութակ եմ սովորել, բայց որ ասեմ՝ ուշքս գնում էր ջութակի համար, իհարկե սուտ կլինի:
- Իսկ լրագրության համար ուշքդ գնո՞ւմ էր, որ լրագրող դարձար:
- Ստացվեց: Հեռուստատեսային աշխատանքը փրկեց: Թե չէ ստիպված կլինեի միաժամանակ մի քանի գործով զբաղվել՝ այնքան տարբեր էին հետաքրքրությունները:
- Իսկ երգը ո՞նց ծնվեց:
- Այս երգը կոնկրետ նախապատմություն ունի: Ես ու ամուսինս երեսնամյակս նշեցինք Պրահայում: Բեռլինում մի կոնֆերանսի էինք, հետո գնացքով Պրահա գնացինք, երգի միջի նույն՝ Բեռլին-Պրահա գնացքն է. շատ իրական գնացք, շատ իրական տեսարաններ: Տեսահոլովակի մեջ մի մասն իմ արած լուսանկարներից եմ դրել: Պուճուրիկ ինքնակենսագրական երգ ստացվեց: Փորձեցի պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե մենակ անցնեի այդ տարածությունը, ու իմ ուղեկիցը սպասեր հաջորդ քաղաքում:
- Այսինքն՝ ամուսի՞նդ:
- Հա, ամուսինս: Իմ ուղեկիցը եւ ստեղծագործական գործունեության իմ հովանավորը: Վահեն ուղղակի օգնում է, որ երգերս չմնան ծոցատետրիս մեջ:
- Ամուսնուդ միջոցներո՞վ ես ձայնագրվում:
- Այո:
- Հետագայում գուցե դու ամուսնուդ պահես, եթե երգերով փող վաստակես:
- Օ, ես շատ ուրախ կլինեի, եթե Հայաստանը այդպիսի հնարավորություններ տար անհատ ստեղծագործողներին, որոնք չեն ձգտում փոփ աստղ դառնալ, այլ ուղղակի ուզում են իրենց համեստ, փոքր երգերով մտնել աշխարհ... Մեղեդիները գալիս են, բառերը գալիս են, արդեն ունեմ բազմաթիվ պատրաստի երգեր ու, եթե հնարավոր լիներ դրանից ինչ-որ եկամուտ ապահովել, մեծ հաճույքով կթողնեի ամեն ինչ, կզբաղվեի միայն իմ երեխաներով, ընտանիքով ու այդ երգերով: Մեծ երջանկություն է՝ սիրելի գործով գումար վաստակել:
- Ես ամուսնուդ հիշում եմ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում:
- Երեւի կհիշես նաեւ, որ մոտ մեկ տարի էլ Ազգային ժողովի պատգամավոր էր՝ ԲՀԿ ցուցակով ընտրված, ուղղակի հրաժարական տվեց ու դուրս եկավ... Իմ երգերի հետ կապված շատ մեծ դերակատարում ունի, իրականացրեց իմ թաքուն մտքերը:
...Այս երգի հաջողությունը պայմանավորված էր նաեւ ճիշտ գործիքավորմամբ, եւ բախտս բերեց, որ իմ երգերի «դեմո» տարբերակը լսեց Ռուբեն Հախվերդյանը: Այդ ժամանակ չէի պատրաստվում իմ կատարմամբ թողարկել, բայց նա պարտադրող տոնով ասաց՝ գիտե՞ս ինչ, ինքդ էլ կերգես: Նույն պահին վերցրեց հեռախոսը, զանգեց իր գործիքավորողին, ասաց, որ ինքը պիտի անի: Նարինե Զարիֆյանն է, որն իր ոլորտում շատ հարգված մասնագետ է եւ արդեն իմ շատ մոտ ընկերն է դարձել: Մնացած երգերն էլ է նա անելու:
- Հեղինակային համերգներ չե՞ս տալու:
- Վայ, այնքան եմ վախենում դրա մասին մտածելուց, ես հիմա փորձում եմ լազերային սկավառակ թողարկել ու գարնանը ներկայացնել: Համերգից շատ եմ վախենում, բեմը վախեցնում է:
- Կարծես հեռուստատեսային ուղիղ եթերով անցած չլինես:
- Չէ, ուղիղ եթերն ինձ համար ի՞նչ է որ... Բեմը ուրիշ է: Փորձ ունեմ, երգչախմբում երգել եմ, բայց երգչախմբում ուրիշ է, այնտեղ մենակ չես:
- Ինչի՞ մասին են մյուս երգերդ. էլի ռոմանտի՞կ, հուզակա՞ն:
- Ես մի բան կարող եմ ասել այն մարդկանց, որոնք սպասում են հաջորդ երգերին. այնտեղ չեն լինելու՝ յար, ջեյրան, մարալ եւ նույնիսկ՝ սեր բառերը: Որովհետեւ այդ սիրուն «սեր» բառն այնքան է ծեծվել արդեն, որ իմաստը տուժել է, ցավոք:
- Կարո՞ղ է շուտով լրագրողների մասին էլ երգ գրես, դեռ ավելի հեռուն գնաս ու քաղաքական թեմաներով գրես:
- Չէ, կան բաներ, որ չեմ սիրում, երբ կինն է երգում, կամ՝ որոշ բառեր անգամ, երբ կինն է արտաբերում: Հայերենն ունի այնպիսի կոպիտ բառեր, որոնք գործածելիս մեր կանայք իրենց էժանացնում են: Ես փորձում եմ իմ աղջկան էլ սովորեցնել կանացի խոսել, որ զգա՝ իր խոսքը պիտի տարբերվի տղամարդու խոսքից: Անգամ երբ որեւէ մեկը տառասխալներով է գրում, իմ վերաբերմունքը փոխվում է նրա հանդեպ, որովհետեւ նշանակում է՝ նա հայերեն չի կարդա-ցել: Ու երբ կինը խոսում է այնպես, որ ականջս ծակում է, նշանակում է՝ նրա կյանքում ինչ-որ բան կամ պակաս է եղել, կամ ինչ-որ ավելորդ բան է եղել: Երբ աղջիկս դրսից նման բառեր է բերում, սկսվում է պայքարը՝ համառ ու երկարատեւ:
- Բացի դուստրերիցդ, ընտանիքիցդ, երգերիցդ, է՞լ ինչով ես զբաղված:
- Տարիներ շարունակ լրիվ ուրիշ նախագծեր էի իրականացնում, վերջերս նորից Ա1+-ը հրավիրեց հաղորդաշարի, որն ինտերնետով է ցուցադրվելու: Այն նվիրված է հենց ինտերնետին. փորձելու է անտեղյակ մարդկանց սովորեցնել ինտերնետի ճիշտ կիրառությունը եւ հնարավոր վնասներից խուսափելու ճանապարհները. առաջին հերթին սովորեցնելու է ինչպես ինտերնետից ստանալ լրատվություն:
- Հիմա չգիտեմ՝ ինչպես է, բայց մի ժամանակ Սփյուռքի մասին պատմում էին, որ տարբեր կուսակցություններն իրար աղջիկ հարս չեն տալիս: Ինչպե՞ս է հաջողվել, որ հայր Աշոտ Բլեյանն ու աներորդի Վահե Հովհաննիսյանն այս հարցում համաձայնել են:
- Տարբե՞ր են այդքան՝ չգիտեմ, գիտեմ, որ երկուսն էլ շատ մտահոգ են կոնկրետ մի աշխարհագրական միավորի՝ Հայաստանի համար: Այստեղ իրենք իրականում շատ ավելի ընդհանուր բաներ ունեն, քան հակադիր: Այսքան ժամանակ չեմ հիշում, որ ինչ-որ լարվածություն ունենան: Շատ մոտ են, կարելի է ասել՝ ընկերներ են: Ես շատ ուրախ եմ, որովհետեւ հայրս ունի երեք աղջիկ եւ չունի տղա, այնպես ստացվեց, որ շատ հարցերում ամուսնուս հետ համագործակցում են, խորհրդակցում:
- Եթե բանավեճ է լինում, դու ո՞ւմ կողմն ես բռնում:
- Եթե անկեղծ՝ կյանքումս ամենակարեւոր մարդը ամուսինս է, երկրորդ կարծիք լինել չի կարող: Ու ես գիտեմ, որ հայրս ուրախ է դրա համար, որովհետեւ նա միշտ ինձ ասել է, որ ամուսինը առաջին հերթին պետք է ընկեր լինի: Իմ բախտը շատ է բերել, ես երկու մեծ ընկեր ունեմ՝ ամուսինս և հայրս: