Ես կարդում եմ նրան ու ասում.- Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր`հավասար` նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել` իրար հետ խնջույքի նստելիս:
Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ: - Արմատնե՛ր ուներ նա հողում:
Իր երգերը գեղջուկ նաիրցու քրտինքո՛վ էր նա ողողում:
Հանճարեղ երգերում նրա – իր երկրի արև՛ն էր շողում: -
Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ: - Արմատնե՛ր ուներ նա հողում: -
Նա մեծ էր ավելի, քան եղավ: - Երկնքի նման ընդարձակ:
Օվկիանի նման` իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր: -
Եվ ոգու ափերին նստած` նա նայում էր հայացքով պայծառ –
Եվ որսում էր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնա՜ղ երազներ…
Ե. Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ