Ուսումնական ճամփորդությունները (այսուհետ` ճամփորդություն) կրթական ծրագրի բաղկացուցիչներն են: Ճամփորդությունը կազմակերպվում է կրթահամալիրի տնօրենի հրամանով:
Քաղաքում թանգարան, ցուցահանդես կարճատև այցելությունները կարող են կազմակերպվել երկուշաբթի-ուրբաթ օրերին: Ճամփորդության պատճառով չպարապվող ուսումնական պարապմունքները ենթակա են լրացման` ճամփորդությունից առաջ կամ հետո տվյալ առարկայի ժամերի փոխարեն դրվելով կամ այլ ժամերի նշանակվելով:
Քաղաքից դուրս կատարվող ճամփորդությունները կազմակերպվում են միայն ուսումնական ընդհանուր պարտադիր պարապմունքներից ազատ օրերին: Ճամփորդության պատճառով բաց թողնված շաբաթօրյա ուսումնական պարապմունքները սովորողը լրացնում է սահմանված կարգով:
Ճամփորդության մասին հայտը ուսուցողական ծրագրի ղեկավարը երկու օր առաջ ներկայացնում է կրթահամալիրի տնօրենին` նշելով մեկնելու վայրը, օրը, ժամը, մասնակիցների ցուցակը, ճամփորդության ղեկավարին (սովորողների թիվը 10-ից ավելի լինելու դեպքում` անպայման նաև ղեկավարի տեղակալին կամ տեղակալներին), ճամփորդության կազմակերպման ֆինանսական աղբյուրները, փոխադրամիջոցը:
Ճամփորդության հաջորդ օրը ղեկավարը էլեկտրոնային հաշվետվություն է ներկայացնում ուսուցողական ծրագրի ղեկավարին, մասնակից սովորողների խումբը նյութ է տալիս կրթահամալիրի կայքում տեղադրելու համար` ընդգրկելով նկարներ, գրասենյակի ղեկավարը ճամփորդության մասին տեղեկությունը գրանցնում է էլեկտրոնային մատյանում:
Ճամփորդության ժամանակ սովորողի անվտանգության համար պատասխանատու է ճամփորդության ղեկավարը: Ճամփորդություն գնացող խմբի մոտ պարտադիր է առաջին բուժօգնության արկղիկի առկայությունը: