• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր Տարի` ինձ, ձեզ ու մեզ

Շնորհակալ եմ Հասմիկ Ղազարյանին առիթի համար, ճիշտ պահին` ճիշտ տեղում բացված խոսակցություն է:

Թեման տարողունակ է, փորձեմ բանաձևի լեզվով: Երեք բան` Ամանորի խորհուրդ, Սուրբ Ծնունդ ու Սուրբ Ծննդյան արձակուրդ, մեզանում ներկայացված է աղավաղված մի միջոցառման կամ նորօրյա ավանդույթի տեսքով, որ կոչում ենք Ամանոր:

Այն, ինչին Հասմիկը ինքնասպանություն է անվանում, շատ նման է մեր հասարակական կյանքին` իմաստազուրկ, անկիրթ ու անխնա ծախսատար: Սուրբ Ծնունդին նախապատրաստումը, եթե Քրիստոս մեր ուսուցիչն է, եթե քրիստոնեությունը միավորող է բոլոր տեսակի քրիստոնյաներին, պիտի սկսել գոնե կաթոլիկների հետ: Ուսուցչի ծնունդը այնքան կարևոր է, ու նրա հետևորդների բանակը բազմամիլիոն, որ կարող են և հերթով նշել: Սկզբում` կաթոլիկները, հետո մենք`առաքելական հայերս, հետո` ուղղափառները: Ո′չ մի հակադրություն, ո′չ մի վեճ: Նոր Տարվա սեղանը` անպայման տոնական, բայց պահոց սեղան է: Սա նաև շատ լավ միջոց է, մեր այսօրվա աղքատիկ  խոհանոցը վերանայելու և նրա միջոցով մոռացված ծեսը վերականգնելու (երաժշտություն, պար, մաղթանք, ձևավորում, նվերներ և այլն):

Մենք` սեբաստացիներով, (աշխատողների, սովորողների ընտանիքներ), կարող ենք պայմանավորվել և 2012-ի տոնական սեղանը մոդեռնացնել: Նոր Տարվա խորհուրդը, անցնող տարվա ձեռբերումներն ու ձախողումներն արձանագրելու և նոր տարվա անելիքների հանդիսավոր հրապարկումը պիտի լինի անհատական, ընտանեկան և աշխատանքային ձևաչափով: Այսպես մենք կկարողանանք սահմանգիծ քաշել հին ու նոր տարվա միջև, որ նոր տարին չդառնա հերթական, որ հունվարի 1-ը դառնա Նոր-ի մեկնարկ:

Նոր Տարի` ինձ, ձեզ ու մեզ:

Հարգանքով` Աշոտ Բլեյան