• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորում է սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ

Սիրելի’ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
 
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա  և Գիտելիքի օրվա կապակցությամբ: 
Այսօր մեկնարկում է անկախ Հայաստանի 20-րդ ուսումնական տարին, և լավագույն առիթն է ընձեռված` մեկ անգամ ևս հետ նայել, արձանագրել ձեռքբերումներն ու բացթողումները և հաստատակամորեն քայլել առաջ: 

Կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներն իրենց հիմքում երկու հիմնական միտումներ ունեն` դիմակայելով համաշխարհային տեղեկատվական հոսքերին ու համահարթեցմանը` պահպանել մեր ազգային ինքնությունն ու ամուր պահել ազգային դպրոցի հիմքերը և լինելով եվրոպական ընդհանուր կրթական տարածքի մաս` ապահովել Հայաստանի կրթական համակարգի զարգացումը, մրցունակությունն ու միջազգայնացումը: Այս գործընթացներում հաջողության հասնելու գրավականը մեզանից յուրաքանչյուրի նվիրումն ու հետևողական աշխատանքն է: 
Ժամանակակից աշխարհում տնտեսության և հասարակության զարգացման անկյունաքարը դարձել է գիտելիքը: Մեր երկիրը ևս պետականորեն որդեգրել է այդ մոտեցումը, և արդեն առկա են դրա վառ օրինակները: Մեր` կրթության ոլորտի ներկայացուցիչների խնդիրն է դառնում նպաստել գիտելիքի վերարժևորմանն ու հասարակական գիտակցության մեջ դրա արմատավորմանը:
Յուրաքանչյուր մեկնարկ լի է հույսերով և ակնկալիքներով: Ցանկանում եմ, որ այս նոր ուսումնական տարում իրականություն դառնան յուրաքանչյուրիս նպատակները` ի շահ մեր ընտանիքների ու մեր երիտասարդ պետության:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա  ու Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ: