• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայաստան, սիրում եմ քեզ, կամ իմ անունը Հայաստան է 2

Հայաստան… շատ եմ սիրում քեզ: Մտածում եմ` էդպիսի մարդ չկա, որ ապրի քո ներսում ու քեզ չսիրի: Ախր, քեզ չսիրել չի լինում: Պատկերացնում եմ, թե դու ինչքան մեծ ես ինձանից ու հասկանում եմ` քեզանից իմաստուն ընկեր ու զրուցակից չունեմ: Հավատա, որ չունեմ: Երևի գիտես, որ շատ եմ սիրում քայլել քո մայրաքաղաք Երևանի փողոցներով ու զրուցել քեզ հետ: Պատկերացնում եմ, թե ինչերի միջով ես անցել այս դարերի ընթացքում: Աղետ, լաց, ուրախություն, ծիծաղ, կռիվ, հաղթանակ կամ պարտություն, ու այս ամենը մեկը մյուսի հետևից: Ու հիմա… հիմա արդեն մեծացել ես ու էլ ոչ մի վատ բան տեսնել չես ուզում, դու նման չես այն ծերերին, ովքեր ապրում են քո ներսում, որոնց որպես ժամկետանց ապրանք,  դեն են նետում,  բայց մենք էդպես չենք անի… չենք անի, որովհետև շատ ենք սիրում քեզ:
Ես գիտեմ, որ դու էլ մեզ ես շատ սիրում: Հակառակ դեպքում չէիր թողնի, որ ապրեինք քո ներսում: Սիրում ես, որովհետև գիտես, որ սերդ փոխադարձ է: Գիտեմ, կան նաև էնպիսի մարդիկ, ովքեր քեզ չեն սիրում ու անընդհատ բողոքում են քեզանից: Գիտեմ նաև, որ դու նմաններին պատժում ես ու էնպես ես անում, որ իսկապես վատը երևաս նրանց աչքին: Իսկ ես քեզ շատ եմ սիրում ու ամեն ինչ կանեմ քեզ համար, քանի որ դու էլ ես այդպես անում: Քո հանդեպ վատ ենք վարվել, երբ թողել ենք, որ քո նախկին ծովից ծով Հայաստանից մնա միայն մի փոքրիկ հատված: Տես, դու նախկինում երիտասարդ էիր ու ավելի մեծ տարածք էիր գրավում: Իսկ հիմա ծերացել ես ու աշխարհը քեզ հատկացնելով մի փոքր տարածք, էլ այդքան հաճախ չի հիշում քեզ, կարելի է ասել` մոռացել է: Դրանով դու նմանվել ես քո ներսում ապրող ծերերին: