• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես եմ, եկել եմ

 

Ծնվել ու մեծացել եմ Աշտարակում: Հենց այստեղ էլ դպրոց եմ հաճախել: Քաղաքիս հանդեպ հայրենասիրական զգացմունքներն արթնացել են վերջին 3-4 տարիների ընթացքում. Կարծում եմ` դա քաղաքս ճանաչելու արդյունք է:

Մանկությունս անցել է ծնողներիս, հետո նաև քույրիկներիս հետ: Որպես առաջնեկ` միշտ ծնողներիս օգնականն եմ եղել, «աջ ձեքը»/մի տեսակ հպարտություն եմ զգում դրա համար ու մի քիչ էլ ափսոսանք, որ խաղալու ժամանակ քիչ եմ ունեցել/:

Ոչ միայն ծնողներիս առաջնեկն եմ, այլև տատիկիս ու պապիկիս. Պատկերացնում եք, չէ՞, ինչպիսի ակնկալիքներ կան/ու միշտ են եղել/ ինձ հետ կապված…

Հիշեցի, որ ընտանիքիս համար սպասված տոն էր իմ դպրոց գնալը. այդ առիթով ինձ 1 տարի շուտ ուղարկեցին առաջին դասարան…

Դպրոցական տարիներս հանդարտ են անցել: Բնավորությամբ հանգիստ երեխա էի: Առաջադիմությունս գերազանց էր: Գրում եմ ու մտածում, թե ինչու չեմ կարողանում նկարագրել այս շրջանը… Մտածել է պետք…

Եկավ այն պահը, երբ պետք էր մասնագիտություն ընտրել: Որոշումն ինքս կայացրի: Անկեղծ ասած` ծնողներս զարմացած էին ու չէին համարում, որ ընտրածս մասնագիտությունը հեռանկարային է, բայց ես որոշել էի հոգեբան դառնալ: Հաստատ էի որոշել… Հիմա հասկանում եմ`ամեն դեպքում, ինչ-որ սենտիմենտալ բան կար ընտրությանս մեջ: Բայց ամենևին չեմ փոշմանել:

Շատ աշխատեցի, դիմեցի և ընդունվեցի…

Անցումը դպրոցից համալսարան շոկային էր ինձ համար. սկսվեց մեծ հիասթափությունից, քանի որ ինձ ընդամենը կես միավոր պակասեց անվճար համակարգ ընդունվելու համար: Բայց համառ գտնվեցի ու առաջադիմությանս շնորհիվ փոխադրվեցի: Առաջին էական շոշափելի ձեռքբերումներիցս էր. հպարտ էի…

Ուսանողական տարիներս բավականին բուռն ու հագեցված են անցնում: Հիմա մագիստրատուրայի վերջին կուրսում եմ սովորում, ու եթե կարճ նկարագրելու լինեմ, այս ընթացքում ձանձրանալու ժամանակ չեմ ունեցել/դասեր, էքսկուրսիաներ, ուսումնաճանաչողական այցեր, հայրենասիրական միջոցառումներ, կամավորական աշխատանք, փորձաշրջաններ, կարճաժամկետ աշխատանքային պայմանագրեր և այլն/: Այ այսպես…

Կուզեի ամփոփել ինձ համար շատ կարևոր մի բանով. ասում են` արև եմ… Չգիտեմ, միգուցե հաճախակի եմ լսում, ու դրանից է, ես ինձ արև եմ զգում… Ժպտում եմ…