• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հավասարակշռություն սիրո մեջ

 

Հավասարակշռված վիճակն է պահում մեր աշխարհն ու կյանքը իր բնականոն կարգի մեջ:  Բնության մեջ ամեն ինչ հավասարակշռում են բնության օրենքները. տիեզերական ձգողականության օրենքը, էներգիայի պահպանման օրենքը, վակուումը չհանդուրժելու օրենքը և այլն: Եվ եթե մեր մոլորակի վրա որևէ ֆիզիկական մարմին անհավասարակշռվում է, բնության օրենքներով ուղղորդվող ուժերն անմիջապես բերում են դրան հավասառակշռության վիճակի մեջ: Օրինակ, եթե մենք մի քար նետենք վեր, տիեզերական ձգողականության ուժը ետ կբերի նրան դեպի գետին և, մի քիչ գլորվելով, այն կանշարժանա լավ հավասարակշռված վիճակում:      

Մեր մոլորակի վրա կյանքն անհնարին կլիներ առանց նրա վրա հաստատված բնության օրենքների: Մյուս կողմից էլ  մարդն է հաստատել համակեցության իր սեփական օրենքները: Այս օրենքները կոչված են հավասարակշռության մեջ պահելու մեր հոգիները, իսկ Սերը դա անելու ամենաուժեղ ազդակն է. Սերը  մեր ծնողների,  մոտիկ ու հեռու բարեկամների և նույնիսկ անծանոթների հանդեպ, Սերը մեր սիրելիի հանդեպ,  Սերը մեր աշխատանքի, Սերը մեր քաղաքի ու երկրի հանդեպ: Այնուամենայնիվ, մարդիկ շատ հաճախ չեն գիտակցում այս պարզ ճշմարտությունը և երբեմն ուրիշների հոգիները անհավասարակշռող բացասական ազդակներ են դառնում: 

Օրինակ` մի տեսարան Երևանի շուկաներից մեկում.

- Ի՞նչ արժեն այս նարինջները:

- 800 դրամ:

- Ի՞նչ, 800 դրամ այս սմքած, հոտած նարինջների համա՞ր:

 Այս պահին և՛ վաճառողը, և՛ գնորդը վրդովված, նյարդայնացած ու ընկճված են: Նրանց հոգիներն անհավասարակշռված են: Եթե ժամանակի մեքենան իրական  լիներ, ես մի քանի վայրկյան ժամանակի սլաքը ետ կտանեի ու կուղղորդեի նրանց երկխոսությունն այսպես.

  - Ի՞նչ արժեն այս նարինջները:

- 800 դրամ:

-Ի՞նչ, 800 դրամ մեկ կիլոգրամի համա՞ր: Դրանք պետք է որ շատ հյութեղ ու քաղցր լինեն: Բայց չէի՞ք կարող մի փոքր իջեցնել գինը:

-Իհարկե՛ կարող եմ:

Այժմ և՛ գնորդը, և՛ վաճառողը լի են դրական ազդակներով, և այդ պատճառով էլ փորձում են գոհացնել իրար: Նրանց հոգիները լի են սիրով ու հարգանքով և նրանք պատրաստ են փոխանցել  հոգու այդ երանելի դրությունը այլ մարդկանց, ովքեր նույնպես սիրո ու հարգանքի կարիք ունեն:

Ի՜նչ լավ գործեր արված կլինեին կյանքում, եթե մարդիկ մի փոքր ավելի շատ սիրած ու հարգած լինեին միմյանց կարևորությունը: Քաղաքական գործիչները հնարներ կգտնեին մեր մոլորակի թեժ կետերում լարվածությունը թուլացնելու համար, բարեգործներն իրենց արած բարեգործություններից առավել չէին գովազդի իրենց բարեգործությունները, յուրաքանչյուր երեխա սիրո ջերմությունը կզգար տանը, դպրոցում ու բակում:

Երբ 1960-ական թվականներին հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանը Հնդկաստանում նկարահանվում էր «Այբոլիտ 66» ֆիլմում, մի միջադեպ եղավ, որը կարող էր դաս լինել եսասեր, հպարտ, ինքնահավան, եսակենտրոն և ամբարտավան մարդկանց համար:  Մհեր Մկրտչյանը հյուրանոց էր վերադառնում այդ օրվահոգնեցուցիչ նկարահանումներից հետո: Ֆիլմի նկարահանումներն այդ օրը եղել էին ճահճոտ տեղանքում: Նա շատ հոգնած էր և որոշեց տաքսի նստել: Այդ քաղաքում այն ժամանակ տաքսիների մեծամասնությունը ռիկշաներ էին, որոնց մեկնությունը բացատրական բառարանում այսպիսին է. «մարդաքարշ երկանիվ արևելյան շարժակազմ, որը ծառայում է, որպես տաքսի»: Մհեր Մկրտչյանի ռիկշան քաշում էր մոտ 16 տարեկան մի գունատ ու վտիտ պատանի:  Թույլ տղան հազիվ էր քաշում ռիկշան: Չնայած գերլարում պահանջողճիգերին, փոքրիկ տղան մերթընդմերթ շրջում էր իր գլուխը և ժպտում էր ՄհերՄկրտչյանին: Մհերն այլևս չկարողացավ համբերել: Նա շատ անհարմար էր զգում: Եվ նա չէր լինի մեր սիրելի Մհերը, եթե նա սիրով չվերականգներ իր հոգու հավասարակշռությունը:  Հանկարծ նա կանգնեցրեց ռիկշան, իջավ դրանից ու մինչև տղան կհասկանար, թե ինչ է կատարվում, բարձրացրեց նրան ու նստեցրեց ռիկշայի նստատեղին: Ու Մհերը սկսեց ինքը քաշել ռիկշան: Նա քաշում էր ռիկշան և մերթ ընդ մերթ գլուխը շրջում էր ու ժպտում էր հաճելիորեն ապշած տղային: Մեր Մհերը վերագտավ իր ուրախությունը: Նրա հոգին ցնծության մեջ էր. այն հավասարակշռված էր սիրո մեջ` մեր մեծ արտիստի համար բնական մի հոգեվիճակ: