• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարև… ես եմ…

Նախ ասեմ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ինձ համար իսկապես մեր օրերում գործող լավագույն կրթահամալիրն է: Որպես մաթեմատիկայի մասնագետ`  ուրախ կլինեի աշխատել կրթահամալիրում, որտեղ երեխաներն իսկապես կիրթ են և դաստիարակված, շատ կցանկանայի դառնալ այդպիսի հրաշալի երեխաների ուսուցիչը (չնայած տարիքային առումով դեռևս փորձ չունեմ և ինքս էլ սովորելու շատ բան ունեմ):

Մի քանի անգամ եղել եմ դպրոցում, հասցրել եմ շփվել մի քանի երեխաների հետ և նրանք անմիջապես սիրտս են մտել` հատկապես վեցերորդ դասարանցիները: Բացի այդ կրթության նոր տեխնոլոգիաները լիարժեք լրացնում են կրթության որակը, մեդիակրթությունը կրթության դաշտում դառնում է լավագույն միջոցը, ինչն էլ ապահովում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը (վերջերս սիրածս բառակապակցությունն է դարձել, որը շատ հաճախ օգտագործում եմ): Դպրոցը հնարավորություն է ընձեռնում նորը սովորոցնել ոչ միայն աշակերտին, այլ նաև ուսուցչին և տվյալ դեպքում, աշակերտի սովորելուն զուգընթաց ուսուցիչն էլ իր հերթին ծածուկ համալրում է իր գիտելիքների  պաշարը` բացահայտելով նորը:

Իսկ որպես ստեղծագործող` կուզենայի այդ երեխաների մեջ հայտնաբերել այնպիսիներին, ովքեր հակում ունեն ստեղծագործելու նաև գրականությանասպարեզում: Արդեն մի քանի տարի է Գրողների միության «Ցոլքեր» գրական ստուդիայի սան եմ և հասցրել եմ մեր ժամանակների լավագույն գրողներից սերտել գրականության դասերը և բավական փորձ եմ ձեռք բերել, ինչը կուզենայի փոխանցել սկսնակ ստեղծագործողներին: Կցանկանայի նաև, որպեսզի դպրոցում անցկացվեին ընթերցանության դասեր, որտեղ երեխաներին ավելի հեշտ կլիներ մատուցել իրենց հոգեհարազատ և պետքական գրականությունը, ի նպաստ այն բանի, որ հաջորդ տարին գրքի համաշխարհային տոն է հայտարարվելու Երևանում:

Ծանոթանալով կրթահամալիրի փաստաթղթերին`  տեսա, որ դպրոցում անցկացվում են հռետորական դասընթացներ, ինչը զարմացրեց, ապա ուրախացրեց  ինձ: Իմ կողմից էլ կուզենայի ավելացնել մի ցանկություն, որ դպրոցում անցկացվեին ամերկացի հայտնի հոգեբան Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» դասընթացը, որը, կարծում եմ, արդիական է նաև մեր օրերում և խիստ անհրաժեշտ ամեն մի մարդու համար:

Շնորհակալ եմ դպրոցին, որը հնարավորություն է ընձեռնում աշակերտներին, ուսուցիչներին, սովորողների ծնողներին և ինձ նման շատ մարդկանց խոսել սեփական ցանկությունների մասին, ի տարբերություն այլ դպրոցների:

Այսքանով փորձեցի ներկայացնել ինձ ու հարգանքս շատ սիրելի դարձած կրթահամալիրին:

Սիրով` Անի Հովհաննիսյան