• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փորձություն

 

Գանձա։ Տերյանի հայրենիքը…
 Ամենատերյանականն էստեղ թերևս եղանակն է՝ անձրև ու անձրև։ 

Գուցե և կենցաղային անհետաձգելի հոգսերը Գանձայի դպրոցների տնօրեններին, հակառակ նրանց հետ շփվելու մեր բոլոր ջանքերին, անհաղորդ պահեցին մեր այցելությանը։ Գուցե և տերյանական օրվա նախապատրաստությունն էր պատճառը, որ մեր հարուցած հոգսը երկրորդական դարձավ գանձացիների համար։  
Բայց մեր  թրծվածությունն էլ ե՞րբ էր պետք գալու, եթե ոչ այսօր, եթե ոչ այս պայմաններում։

Սովորական պայմաններում ով ասես կներկայանա, ով ասես կգովազդի իր դպրոցը։ Եթե դիմացդ փոխանակման պատրաստակամություն ունեցող մարդիկ են, ինչ ասես` կփոխանակես, անգամ մշակույթ։ Տղա եմ ասել, որ անապատը ծաղկեցնի։

Գործն սկսեցինք երեկոյան, երբ հետախուզական այց կատարեցինք գյուղի ակումբ՝ չգիտեմ ինչ համերգին մասնակցելու։ Համերգը դեռ ոչինչ, հետաքրքիրը հանդիսատեսն էր։ Քսենոֆոնն այս պարագայում կգրեր, թե այս մարդիկ սովորություն ունեին իրենց ոտքերի տակ հաստ շերտով մի հետաքրքիր նյութ փռելու, որն ստանում էին փոքրիկ սերմանման բաներից՝ նախօրոք ատամներով բացելով ու միջուկը հանել-ուտելով։

Բայց քանի որ մենք Քսենոփոնը չենք, հաջորդ օրը մեր միջոցառման համար հնարավորինս մաքրեցինք տարածքը, տեղադրեցինք մեր տեխնիկան ու…    

Հավաքվել էին գյուղի նախակրթարանի երեխաները, մեզ դիմավորած ու հյուրընկալած ընտանիքների ներկայացուցիչները, այդ թվում` Տերյանի անվան դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ  Նարինե Սիրականյանն` իր աշակերտներով և գյուղի երիտասարդներից մի քանիսը՝ պարապությունի՞ց, թե հետաքրքրությունից դրդված։

Մեր հանդեպ դրական տրամադրվածություն ստեղծելու համար սկսեցինք փորձված միջոցից՝ պարից. պարն իրոք միջմշակութային լեզու է։ Շնորհակալություն Արշակին։

Մի շրջան կրթահամալիրցիներով բեմը թնդացնելուց հետո մեզ հետ պարելու հրավիրեցինք մեր հանդիսատեսին (ապրի Տիգրանը)։ Ոգևորված տարածվող էներգիայով՝ երեխաները փորձեցին պարել մեզ հետ, և տեղ-տեղ նույնիսկ ստացվեց։ Դրանից հետո հեշտացավ հաղորդակցումը։ Ցուցադրեցինք մեր տարած մեդիանյութերը, պատմեցինք օլիմպիադաների մասին և խորհուրդ տվեցինք այցելել մեր կայք։ Թատերական խմբի երեխաները ներկայացրին իրենց պատրաստած էտյուդներն ու արժանացան հնարավորինս բուռն ծափերի։ Մեր ելույթը համեմված էր տեղի դպրոցականների ասմունքով, ինչը նույնպես մշակութային հաղորդակցության օրինակ էր։

Մեր տարած նվերները՝ դասագրքեր ու կիրառելի այլ գրականություն, քանի որ դպրոցների տնօրեններին այդպես էլ չտեսանք, հանձնեցինք մեզ հանդիպած միակ ուսուցչին՝ Նարինեին։

Օրը, չնայած անբարենպաստ եղանակին, շարունակեցինք Փարվանա լճի ափին և ավարտեցինք ևս մի համերգով` արդեն հիշատակված ակումբոում։

Վաղը Տերյանական օրն է: