• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեկ սովորող+մեկ համակարգիչ ծրագրով` Ամերիկյան համալսարանում

«Մեկ սովորող+մեկ համակարգիչ» կամ «Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագիրը կշարունակվի, և հույս ունենանք, որ մեր սկսած այս ուսումնական գործին կմիանան շատ դպրոցներ, քանի որ «Ինթել» և «Յունիքոմփ» ընկերությունները Հայաստան են հրավիրել «Ինթելի» ռուսաստանյան մասնաճյուղի ՏՀՏ մասնագետներից Մարինա Լիվենթսին, ով հունիսի 20-24-ը Ամերիկյան համալսարանում Երևանի և մարզերի մի խումբ ուսուցիչների պետք է ներկայացնի ծրագիրը, ծրագրի առանձնահատկությունները և Ռուսաստանի և հարևան մյուս երկրների փորձը:

Դասընթացին կրթահամալիրը ներկայացնում են Գևորգ Հակոբյանը, Նաիրա Դալուզյանը և ես: Այսօր ծանոթացանք մեր ուսուցչի և գործընկերների հետ, ովքեր հիմնականում ՏՀՏ մասնագետներ և մաթեմատիկոսներ են: Նրանցից շատերը ճանաչում են իրար, տիար Գևորգին ճանաչում են բոլորը, մի մասն էլ ճանաչեց մեզ, քանի որ վերապատրաստումներ էին անցել մեր կրթահամլիրում և եղել էին մեր դպրոցներում:

Մարինա Լիվենթսը ներկայացրեց մեր անելիքների գրաֆիկը, նեթբուքները դպրոցներում ներդնելու, դրանց պահպանման և գործածության հետ կապված իրենց փորձը:

Հետաքրքիր փաստ արձանագրեցինք, որը սակայն չվախեցրեց մեզ. ուսուցիչների մեծ մասը սեմինարի առաջին օրվա վերջում դեռ այն կարծիքն ու համոզմունքն ուներ, որ համակարգիչը պետք է գործածվի կոնկրետ դասերի ժամանակ, կոնկրետ ժամաքանակով (օրինակ` շաբաթական 2-3 դասաժամ):
Կարծում ենք, որ այս հինգ օրերի աշխատանքի արդյունքում մասնագետները կգան այն համոզման, որ համակարգիչը  ուսումնական գործիք է, և այն պետք է դառնա միջոց բոլոր առարկաների դասավանդման ժամանակ:

Սեմինարը անց է կացվում ռուսերեն լեզվով, որը մեզ համար օգտակար է: Բնականաբար ռուսերեն լավ ենք հասկանում, ռուսերեն մտածելը նույնպես լավ է ստացվում, իսկ բարձրաձայն արտահայտվելիս մի փոքր կաշկանդվում ենք:

Վաղը (արդեն այսօր) մենք պետք է ներկայացնենք իմ դասարանում ուսուցման կազմակերպման մեր փորձը: Հաջողություն ենք մաղթում մեզ:

Լուսինե Փաշայան, Նառա Դալուզյան