• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաշվետվություն գործուղումից

Հունիսի 12-ին, առավոտյան 10:00 հավաքվեցինք «Յունիքոմփ» ֆիրմայի գրասենյակի մոտ: Պարզվեց, որ Քութաիսի գնալու ենք չորս հոգով` Ռուզանը` Երևանի 105 դպրոցից, Նարինեն` Վանաձորի «Էվրիկա» վարժարանից, Քերզոնը` «Անանիա Շիրակացի» ճեմարանից և ես:

Մեզ ճանապարհում էր «Յունիքոմփ»-ի տնօրեն Արմեն Բալդրյանը: Պարզվեց` Թբիլիսիից մեր հետևից հատուկ մեքենա են ուղարկել` յոթ տեղանոց միկրոավտոբուս:

Քանի որ Հայաստանի և Վրաստանի ժամացույցները մեկ ժամով տարբերվում են, վարորդը լավ չէր հասկացել ու մի քիչ ուշացավ: Բայց ոչինչ, 10:30 շարժվեցինք և կարևորը` գիտեինք, որ Վրաստանի ժամանակով չորսին ավտոբուսը Թբիլիսիից պետք է մեկներ Քութաիսի:

Առաջին կանգառը Դիլիջանում արեցինք: Դիլիջանի ավագ դպրոցի տնօրեն Արա Արամյանը (Արայի հետ միասին եղել ենք ԱՄՆ-ում) իրեն հատուկ մանրակրկտությամբ նախապատրաստել էր մեր նախաճաշը: Ստիպված մի լավ ճաշեցինք (լանչի ժամն էր): Շարունակեցինք մեր ճանապարհը Տավուշի մարզի գեղատեսիլ վայրերով:

Դու մի ասա, էս մեր Քերզոնը նկարելու հետ մեծ սեր ունի. անընդհատ նկարում է:

Հաջորդ կանգառը Բերդավան գյուղում էր: Վաղուց չէի խմել իմ լավ ընկեր, Բերդավանի մաթեմատիկայի ուսուցիչ Հրահատ Մուղդուսյանի գինուց: Ողջունեցինք իրար, վերցրինք մեր ճանապարհի գինին ու շարժվեցինք` խոստանալով ետդարձի ճանապարհին ավելի երկար մնալ: Բերդավանը շատ հարմար տեղ է ճամբար կազմակերպելու համար:

Սահմանն էլ օրինական ձևով անցանք և ուղիղ չորսին հինգ րոպե պակաս հասանք Վրաստանի գիտության ու կրթության նախարարության շենքի մոտ, որտեղ ավտոբուսը կանգնած էր: Տեղավորվեցինք ու շարժվեցինք դեպի Քութաիսի:

Ճանապարհն անցնում էր վրացական փարթամ բնության միջով: Այս երկու օրը էնքան կանաչ տեսա, որ աչքերս արդեն ցավում են: Թբիլիսիից մինչև Քութաիսի համարյա այնքան էր, որքան Երևանից մինչև Թբիլիսի: Մինչև տեղ հասանք, արդեն մթնել էր:

Շատ լավ ուսումնական կենտրոն ունեն: Համարը երկու տեղանոց է, կոնդիցիոներով, ինտերնետին միացած համակարգչով: Այնպես որ կրթահամալիրային կյանքին կկարողանամ հետևել: Բայց զուգարանը և ցնցուղը ընդհանուր են, սենյակներում չկան: Մասնակիցները ջահելներ են, ամենատարիքովը ես եմ:

Երկու խմբով պետք աշխատենք. մի խմբում IT մասնագետներն են, մյուս խումբը` ուսուցիչներ: Վրացիների հետ շատ հեշտ է շփվելը, քանի որ ռուսերեն խոսում են ու հարցերին սիրով պատասխանում: Քութաիսիից առաջին տպավորությունը լավը չէր: Կարծես սովետական մաշված քաղաք լինի:

Գևորգ Հակոբյան