• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշոտ Բլեյանի և Թենգիզ Շարմանաշվիլիի հանդիպումը

Հայաստանի Հանրապետությունում միակ կրթական հաստատությունն ենք, որ կապ  ենք պահպանում Վրաստանի  դպրոցականների հետ: Շատ հաճախ ենք գնում Վրաստան, այնտեղ  մրցույթների մասնակցում, ձեռք բերում նոր ընկերներ և զարգացնում վրացերենի իմացությունը: Այս ամենն ապահովելու, մեր վրաց ընկերներին առավել հաճախ տեսնելու, նրանց Հայաստան  հրավիրելու և այլ կրթական հարցերով այսօր Աշոտ Բլեյանը հանդիպել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլու հետ:

Կեսօրին Աշոտ Բլեյանը, Արմինե Թոփչյանը և ես գնացինք Վրաստանի դեսպանատուն, որտեղ մեզ սպասում էր դեսպանը: Երբ դեսպանատան դարպասներից ներս մտանք, շատ գեղեցիկ պատկեր բացվեց մեր առջև, որը գրավեց բոլորիս ուշադրությունը: Մեզ շատ  դուր եկավ դեսպանատան կանաչ բնությունը և սիրամարգերը (դիտեք նկարները, և խնդրում եմ` եկեք օրինակ վերցնենք և մենք էլ մեր կրթահամալիրում ստեղծենք մեր կանաչ հատվածը): 

Դեսպանատանը մեզ շատ լավ  ընդունեցին: Դեսպանը շատ ուրախացավ, երբ տեսավ մեզ: Տիար Բլեյանի և Թենգիզ Շարմանաշվիլու զրույցը տեղի ունեցավ դեսպանի աշխատասենյակում: Նրանք խոսեցին ապագայում սպասվելիք Վրաստան-Հայաստան կրթական համագործակցությունների մասին: Զրույցի արդյունքը դրական է:

Կրթահամալիրցիներիս և մեր վրաստանցի բարեկամներին ապագայում   համագործակցության նոր ծրագրեր են սպասվում: Իսկ մեզ մնում  է միայն ավելի նախաձեռնող լինել: