• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարի մեկնարկը

Այսօր ճամբարի առաջին օրն էր: Ուսումնական ամառը առջևում է, իսկ կրթահամալիրի սովորողները բաժանվել էին խմբերի և պատշաճ կերպով պատրաստվում էին ամառային դպրոցի աշխատանքներին: Մենք`Ավագ դպրոցի սովորողներս, չառանձնացանք մեր  աշխուժությամբ և ակտիվությամբ, բայց ճամբարային տրամադրությունը փոխանցվեց ավագ դպրոցին, կփորձենք աչքի ընկնել մյուս օրերին: 11-2 դասարանի մի խումբ սովորողներ Միստր Յուրայի հետ քննարկում էին մյուս տարվա ուսումնական պլանը, իսկ քննարկման վերջում ավագ դպրոցի կայքում տեղադրեցին իրենց եզրահանգումը: Գերմաներենի և ֆրանսերենի խորացված ուսուցման դասարանի սովորողները գրադարանում թարգմանություններ էին կատարում, իսկ մի խումբ սովորողներ, որոնք տարվա ընթացքում ինչ-որ առարկաներից չեն առաջադիմել, բնագիտության լաբորատորիաներում շտկողական պարապմունքներ էին անում: Հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Ելենա Սարգսյանը և Հասմիկ Ղազարյանը իրենց խմբերի հետ Ճամբարային ուրախ տրամադրությամբ աշխատում էին Ավագ դպրոցի միջանցքում,  նրանց հարևանությամբ էլ պարոն Տիգրանյանը իրավագետ-քաղաքագետների խորացված ուսուցման սովորողների հետ նախապատրաստվում էր ինտելեկտուալների ակումբային մրցույթին: Այսօր ակտիվ էին Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները. պատրաստվում էին հունիսմեկյան ֆլեշ մոբի: Դե, մարմարյա սրահն էլ լցված էր միջին դպրոցի մի խումբ սովորողների երգ ու պարով: Ճամբարային հետաքրքիր օրերն առջևում են: