• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՀ կրթության և գիտության նախարարը հյուրընկալվել էր ճամբարականներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որի ընթացքում ծանոթացել է կրթահամալիրի ուսումնական ճամբարներին: Կրթահամալիրի դպրոցներում մայիսի 29-ից մեկնարկել է «Ուսումնական ամառ» ծրագիրը` ամառային պարտեզ` իր բաց լողափով, լողափնյա դպրոց-ճամբար` ամառային ուսումնական գործունեությամբ: Նախարարին ներկայացվել են դպրոց-պարտեզների զարգացման ծրագիրը, բնակելի զանգվածներում դպրոց-պարտեզների ցանցի ստեղծման առաջարկությունը: Լևոն Մկրտչյանը նշել է, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հաջողված փորձը կարելի է տարածել հանրապետության  այլ  դպրոցներում: Կրթության նախարարը շրջայց է կատարել  կրթահամալիրի մարզահրապարակներով, պարտեզներով, համերգային դահլիճներով, ծանոթացել երեխաների ճամբարային առօրյային, հետևել նրանց  սպորտային խաղերին՝ սուսերամարտ, հեծանվավազք, հրաձգարան, մասնակից դարձել ջամբարականների գրական, թարգմանչական թեմաներով քննարկումներին, ծանոթացել խեցեգործական և գեղարվեստի ստեղծագործություններին, ունկնդրել երեխաների երաժշտական կատարումները, պատասխանել կրթահամալիրի պատանի լրագրողների հարցերին: Ի պատասխան պատանի լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ կփոխեր  այս կրթահամալիրում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը  նկատել է, որ փոփոխությունները որպես նոր սերունդ  պետք է առաջարկեն իրենք՝ սեբաստացիները, իսկ ինքը՝ որպես կրթության նախարար մշտապես պատրաստ է ընդառաջ գնալ կառուցողական առաջարկներին:

Աղբյուրը` edu.am