• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային առաջին օրը 8.3-ում

Այսօր մեր շատ սիրելի ամառային ճամբարի առաջին օրն էր: Ընդհանուր պարապմունքի ժամանակ հայտարարեցին, որ մեր դասարանը պետք է օրը  սկսի եկեղեցի գնալով: Արագ-արագ գնացինք եկեղեցի, մասնակցեցինք ժամերգության, մոմ վառեցինք: Այնտեղից գնացինք Մեդիա կենտրոն, մուլտֆիլմ նայեցինք: Քիչ հետո մեզ միացան նաև փոքրիկները: Այնքան էինք մուլտիկով տարվել, որ չնկատեցինք էլ` ինչպես սկսեցինք աթոռներից իջնել, իսկ վերջում էլ արդեն պառկել էինք հատակին ու այդպես էինք նայում: Հա, այնքան մուլտֆիլմից խոսեցինք` մոռացանք գրել, որ մինչ այդ ընկեր Մերիի հետ երգեցինք ֆլեշ-մոբի երգերը:

Դպրոց մտնելուն պես` ես ու Նինան գնացինք սպորտդահլիճ, իսկ մյուսները միացան մարմարյա սրահում պարողներին: Մի քիչ մեծերի վոլեյբոլի խաղը նայեցինք: Չհամբերեցինք ու ավագ դպրոցի սովորողների հետ սկսեցինք վոլեյբոլ խաղալ: Տարվելով խաղով` կրկին անգամ մոռացանք հաց ուտել: Հիշեցինք թե չէ, վազելով իջանք ու նստելով մեր դպրոցի ծառերի տակ` դասարանցիներով խաչապուրի կերանք: Հետո ես ու Նինան էլի վազեցինք սպորտդահլիճ, իսկ մերոնք գնացին երաժշտության սրահ, որտեղ նրանց սպասում էր ընկեր Սուսանը:

Իսկ հիմա էլ, օգտվելով, որ տրանսպորտը ուշ է գալու,  ես` Լիլիթս,  ու իմ անբաժան ընկերուհին` Նինան, մեր դասարանում նստած կայքի համար  նյութ ենք գրում: Տեսնենք` վաղը ինչեր ենք անելու: