• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում եմ սովորելու. թող գա նա…

Ո՞ւմ եմ դիմում ես:

Նախ և առաջ ինձ: Ունա՞կ եմ այսպիսի պահանջով տասնյակ ու տասնյակ նոր անհատների համար համապատասխան կրթական միջավայր ապահովելու…. Կբավարարի՞ ուրախ ու արագավազ ամռան երեք ամիսը, ասենք, մեդիագրադարանի լիարժեք գործունեությունը կազմակերպելու, «Անհատական նեթբուք-դասընկեր» նորաբաց դասարանների համար կրթահամալիրյան բոլոր յոթ շենքերում անլար ինտերնետ միջավայր ունենալու, «Սեբաստիա» մարզահամալիրը վերակառուցելու, երթևեկող սովորողների համար բոլոր 15 ուղղություններով հարմարավետ ավտոբուսներ ապահովելու… Խոստացել եմ, չէ՞:
 
Եվ դիմում եմ քեզ` իմ այսօրվա սովորողին, նրան, ով եկել է անցյալ տարի, նախանցյալ տարի… Այս ամառային դպրոցում` իր ուսումնական ճամբարով, ստուգատեսներով-փառատոներով, մեդիաօլիմպիադայով, հայրենագիտական ճամբարներով, էկոտուրիզմով, կրթական նախագծերով, կդրսևորե՞ս պահանջվող որակները, թե՞ «Բլեյանի դպրոցում սովորել» ասելով` նկատի ունես սոսկ նրա շենքը, Մարմարյա սրահը, ազատ միջավայրը…. Ի՞նչը: Ինչո՞ւ  ես դու շարունակում սովորել, համարվել մեր սանը: Ի՞նչ փոխեց անցնող տարին քո կյանքում: Ի՞նչ տվեց, ի՞նչ տարավ, քո ո՞ր գործը կառանձնացնեիր: Ո՞րն է ամենամեծ խոչընդոտը քեզ համար կրթահամալիրում: Ուսումնառության նոր  պայմանագիրը կնքելուց առաջ մայրիկիդ, հայրիկիդ հետ ուշադիր կարդա քեզ ուղղված կոչը. «Թող գա սովորելու նա….»: Կարդա տող-տող, բառ-բառ…. Արի, պայմանագիր կնքելուց  առաջ իրար ավելի լավ ճանաչենք, ավելի պահանջկոտ, կոնկրետ ու հարգալից լինենք:
 
Թող գա սովորելու նա…. Ո՞ւմ ես ճանաչում դու, որ կուզեիր` գար: Ինչո՞ւ: Ի՞նչ կտա նա և ի՞նչ կստանա: Ի՞նչ ես անում դու, որ մեզ անծանոթ 6 տարեկանին կամ իր հիմնական դպրոցն ավարտող 9-րդ դասարանցուն օգտակար-հետաքրքիր է, որի համար քո դպրոցական ընկերը, ծանոթը, հարևանը, ազգականը թողնեն իրենց դպրոցը և գան: Հետաքրքիր է` ինչ ես պատմում:
 
Ի՞նչ են խոսում քո շրջապատում քո դպրոցի մասին, ի՞նչ ես ասում դու. լսածիդ-ասածիդ մասին ինչո՞ւ չպատմես քո mskh.am-ով: Ամռան երեք ամսվա ընթացքում Երևանում-Երևանից դուրս, Հայաստանում-Հայաստանից դուրս դու հանդիպելու ես նոր մարդկանց: Խոսելո՞ւ ես քո ընկերների, քո ուսումնական գործերի, քո դպրոցի մասին, փախանցելո՞ւ ես նրան կրթահամալիրը ներկայացնող թերթիկը:
 
Սեպտեմբերի 1-ին շատերն են գալու, այսպես թե այնպես: Բայց կարևոր է, որ դու բերես, որ գա նա, ով գալիս է քո երաշխավորությամբ: Ահա քեզ և նոր ուսումնական նախագիծ. «Հրավիրում եմ սովորելու. թող գա նա….»:
 
Մի պահանջ-խնդրանք. չկեղծես, չհորինես, չիմացած-չճշտած բաներ չասես:  Մի անգամ ևս կարդա 2011-2012 ուստարվա ընդունելության հայտարարությունը: Եթե համաձայն ես, տարածիր:
 
Աշոտ Բլեյան